Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/477

Այս էջը հաստատված է

մտավոր և անհատական զարգացման ցուցանիշ է, որին նա պետք է հասնի որոշակի տարիքային ժամանակահատվածի վերջում:

Կրթական չափորոշիչը /ստանդարտը, Educational standard/ գիտականորեն հիմնավորված բնորոշիչ է կրթության զարգացման օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա ստացված կրթական գործընթացի օպտիմալ վիճակի մասին:

Այն տարբերակվում է կոնկրետ, բնական, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական, ազգային առանձնահատկություններով:

Նորմացույցերի որոշումը շատ դժվար է, այն հենվում է սոցիոլոգիական հարցումների արդյունքների, միջազգային և տարածաշրջանային սահմանված նորմատիվների, տնտեսական հնարավորությունների վրա:

Նորմացույցը, հակված լինելով նյութական միջոցների առկայության, մշակվում է 1000, 10000, 100000 մարդու հաշվով:

Սոցիալական համակարգերի կառավարումն իրագործելը նշանակում է հասարակության ինքնագործունեությունը ենթարկել որոշակի սահմանաչափման: Սոցիալական սահմանաչափերը հասարակության պահանջմունքների քանակական և որակական բնութագրիչներն են: Կրթական սահմանաչափի կատարմանը հետևելը վերահսկողության առաջին օղակն է: Առանց կրթական սահմանաչափերի որոշման հնարավոր չէ բնութագրել կրթական արդյունքների համեմատական մակարդակը: Սահմանված սահմանաչափը կարող է գործել, եթե սահմանված է սթափ և չափելի: Կրթական սահմանաչափերի որոշելիս, էական նշանակություն ունի նաև ֆինանսական պարունակությունը որոշելը՝ դրամական կամ բնաիրային արժեքը հաշվի առնելը, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով ակնկալվող սղաճի չափաքանակը:

Դեռևս Սովետական Միության ժամանակ մշակվել և ներդրվել է կրթական նորմատիվների /սահմանաչափերի/ համակարգ /օրինակ, պարտադիր ուսուցումը, կամ մեկ այլ նորմատիվ, որոնցից մի մասը պահպանվում են առ այսօր, կամ ուսանողական ամբուլատոր պոլիկլինիկաներով, դպրոցներով, գրադարաններով, համակարգիչներով, համացանցով և դրանցից օգտվողների քանակով և այլնով ապահովվածությունը: Անցյալ դարի 80-ականների համար ընդհանուր միջնակարգ դպրոցների համար սահմանված էր 1000 բնակչին 120 տեղ: Յուրաքանչյուր աշակերտին՝ 1,55 քմ տարածք: Դասարանի ծանրաբեռնվածությունը 1-ից 8-րդ դասարանցիների համար հաշվվում է 25 աշակերտ, իսկ 9-ից 10-ի համար՝ 40 աշակերտ:

Արմատավորված մի շարք սահմանաչափեր շուկայական հարաբերություններում դարձան քիչ արդյունավետ և ոչ օգտագործելի: Այս է պատճառը, որ սահմանաչափերի նոր համակարգեր մշակելիս օգտագործվում է նաև որոշ արևմտաեվրոպական վիճակագրության ցուցանիշներ, կամ համեմատություններ անցկացնելիս հենվում են դրանց վրա: Այդպիսի մոտեցումը ոչ բոլոր դեպքերում է ճիշտ, որովհետև այն հաշվի չի առնում տարբեր երկրների տնտեսա-իրավական հարաբերությունները, եկամուտների տարբերությունները, վճարովի և անվճար ծառայությունների որակը կամ գները, սղաճային գործընթացները և այլն: Պետք է նկատի ունենալ, որ զարգացած երկրները նման ցուցանիշների հասել են տնտեսության զարգացման տևական ու երկարամյա ժամանակահատվածից հետո: Սովորաբար, որպես սոցիալական ոլորտի ֆինանսավորման չափանիշ այսօր ընդունված է, թե տվյալ երկրի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ-ի/ որ տոկոսն է կազմում: Զարգացած երկրներում այն 18% է, Ռուսաստանում՝ 5%, Հայաստանում 3.2%:

Սոցիալական սահմանաչաերի դասակարգումը կատարվում է մարդու կենսագործունեության հիմնական ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն, մշակույթ, աշխատանք, հանգիստ և այլն: Կրթական վերահսկողության արդյունավետությունն ամբողջությամբ կախված է պետության՝ դեպի քաղաքացիական հասարակություն հակված լինելու, ընթանալու բնույթի աստիճանից և տեմպերից, որի ինստիտուտները և կազմակերպություններն ունակ են աջակցելու և իրագործելու իր անդամների կրթական պահանջմունքների և հետաքրքրությունների իրացումը պաշտպանել իրարից և պետությունից: