Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/482

Այս էջը հաստատված է
ԲԱԺԻՆ 14. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Գլուխ 14.1. Միջազգային կրթական իրավունքը և հայկական կրթության համաշխարհային կրթական տարածք մտնելու իրավական տեսանկյունները

14.1.1. Միջազգային կրթական իրավունքի ընդհանուր բնութագիրը

Արդի պայմաններում միջազգային իրավունքը որոշիչ գործոն է դառնում սոցիալական կենցաղի բոլոր կողմերի պտղաբեր գործունեության համար:

Համաշխարհային կրթական տարածքի ինտենսիվ ընդլայնման պայմաններում դրա նշանակությունը հատկապես բացառիկ ու հսկայական է կրթության ոլորտի համար:

Այն իր հետևից բերում է գիտելիքների և միջազգային կրթական իրավունքի խելամիտ ու հունարով գործածման անհրաժեշտություն՝ ինչպես կրթության ոլորտում միջազգային համագործակցության իրականացման, այնպես էլ սովորողների, մանկավարժների, հենց ուսումնական հաստատությունների և կրթական հարաբերությունների այլ մասնակիցների կրթական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում:

Կրթության տարբեր աստիճանների օրենքները, ինչպես նաև միջազգային պայմանագրերի մասին նորմատիվ իրավական ակտերը ցանկացած ուսումնական հաստատությանը չի արգելում կապ հաստատել այլ երկրների ուսումնական հաստատությունների հետ, իսկ եթե այդ հարաբերությունները վնասում են սեփական շահերին, պետք է դադարեցնել այդպիսի ուղիղ կապերը:

Բայց նախքան սեփական իրավունքներն իրացնելը, պետք է յուրացնել ինչպես միջազգային կրթական իրավունքը, այնպես էլ կոնկրետ հարաբերություններում դրանք իրագործելու գործառնությունները, ձևերը և վերջիններիս խախտման պարագայում սեփական իրավունքների պաշտպանության միջոցները:

Առաջին հերթին, միջազգային իրավունքի նորմերի իմացությունը թույլ է տալիս պարզել միջազգային կրթական հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դրանք իրագործելու կարգը և դրանով իսկ որոշել պայմանագիր կնքելու ընթացքում գործողությունների օպտիմալ տարբերակները, ինչպես նաև բանիմացությամբ իրականացնել ապագա գործընկերոջ որոնումները:

Երկրորդ հերթին, գոյություն ունի իրավունքի աղբյուրների շարք, որը նախատեսում է կրթական հաստատությունների պատասխանատվության անմիջական կիրառում, եթե խախտվել են միջազգային նորմերով սահմանված ժամկետները:

Այդ պատճառով իրավաբանական պատասխանատվության կիրառման պայմանների մասին տեղեկատվությունը ճիշտ դիրքորոշվելու անհրաժեշտ պայման է ուսումնական հաստատության համար՝ նման իրավահարաբերությունների մեջ մտնելիս:

Երրորդ հերթին, նորից կրկնենք, միջազգային իրավունքի նորմերը երաշխավորում են սահմանադրության և օրենքներով սահմանված Հայաստանի քաղաքացիների ազատություններն այն դրույթի ուժով, որ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ին համապատասխան, միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո և կազմում ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են միջազգային նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

ՀՀ օրենսդրությունն իր քաղաքացիներին իրավունք է վերապահում իրենց խաթարված իրավունքների համար դիմել ընդհուպ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գծով միջազգային /միջպետական/ մարմիններ, եթե սպառված են իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները և հնարավորությունները: