Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/485

Այս էջը հաստատված է

ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին, Փարիզի Շայո պալատում:

Հռչակագրի 26-րդ հոդվածի համաձայն, կրթությունը կոչված է լուծելու չորս փոխկապակցված խնդիրներ.

1. աջակցել մարդկային անհատականության ամբողջական զարգացմանը,

2. սովորողի մեջ դաստիարակել խոր հարգանք մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ,

3. աջակցել ժողովուրդները, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխհասկացողությանը, համբերատարությանն ու գործընկերությանը,

4. աջակցել Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը խաղաղության պահպանման ուղղությամբ:

Այս դրույթներն ընկած են 20-րդ դարի երկրորդ կեսի կրթության ոլորտի միջազգային հանրության գործունեության ռազմավարության հիմքում, որոնք առ այսօր չեն կորցրել իրենց նշանակությունը:

1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով միջազգային Դաշնագիրը, որն ուժի մեջ մտավ 1976 թվականի հունվարի 3-ին, հիմնարար նշանակություն տալով անհատի կրթության իրավունքին, առաջին անգամ կրթության իրավունքը և այլ սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքները հավասարեցնում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների հետ:

Դաշնագրի նախաբանում նշված է. ընդունելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան, վախից ու կարիքից ձերբազատված մարդկային ազատ անհատի իդեալը կարող է իրականացվել, եթե միայն ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է օգտվել ինչպես իր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից, այնպես էլ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից, ուշադրության առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ համընդհանուր հարգանքն ու դրանց պահպանումը, գիտակցելով, որ անհատը, պարտավորություններ ունենալով այլ անձանց և այն համայնքի հանդեպ, որին ինքը պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն Դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը:

Դաշնագրի հոդված 13-ը սահմանում է՝

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի կրթության իրավունքը: Նրանք համաձայնվում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Մասնակից պետություններն այնուհետև համաձայնվում են, որ կրթությունը բոլորին պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ մասնակցություն ունենալ ազատ հասարակությանը՝ նպաստելու բոլոր ազգերի և ռասայական, էթնիկական կամ կրոնական բոլոր խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը և աջակցել խաղաղության պահպանման ուղղությամբ Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը:

Բացի այդ, Դաշնագրի մասնակից պետություններն ընդունում են, որ այդ իրավունքի լիարժեք իրականացման նպատակով՝

ա) տարրական կրթությունը պարտադիր է և անվճար բոլորի համար,

բ) միջնակարգ կրթությունը՝ իր տարբեր ձևերով, ներառյալ միջնակարգ տեխնիկական և մասնագիտական կրթությունը, բաց և մատչելի է բոլորի համար՝ բոլոր համապատասխան միջոցներով, մասնավորապես, առաջադիմական անվճար կրթություն մտցնելու միջոցով,

գ) ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների, բարձրագույն կրթությունը հավասարապես մատչելի է բոլորի համար՝ մասնավորապես անվճար կրթություն մտցնելու միջոցով,

դ) հիմնական կրթությունը խրախուսվում կամ հնարավորինս ակտիվացվում է այն անձանց համար, ովքեր չեն անցել կամ չեն ավարտել տարրական կրթության լրիվ դասընթացը,

ե) պետք է ակտիվորեն իրականացնել բոլոր մակարդակների դպրոցական համակարգի զարգացումը,