Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/491

Այս էջը հաստատված է

ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքների հիման վրա առաջացող խտրականության ու պատժի բոլոր ձևերից:

ՀՈԴՎԱԾ 3

1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ, նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան բոլոր օրենսդրական ու վարչական միջոցները:

3. Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանելու համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունը իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես անվտանգության և առողջապահության բնագավառներում, դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով:

ՀՈԴՎԱԾ 4

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները սույն կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վերաբերյալ մասնակից պետություններն այդպիսի միջոցներ ձեռնարկում են իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում:

ՀՈԴՎԱԾ 5

Մասնակից պետությունները հարգում են ծնողների, համապատասխան դեպքերում նաև տեղական սովորույթներով նախատեսված ընդլայնված ընտանիքի կամ համայնքի անդամների, խնամակալների կամ երեխայի համար օրենքով պատասխանատվություն կրող այլ անձանց պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ սույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս երեխային պատշաճ կերպով ղեկավարելու և ուղղություն տալու և այդ ամենը երեխայի զարգացող ունակություններին համապատասխան կատարելու գործում:

ՀՈԴՎԱԾ 6

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:

2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

ՀՈԴՎԱԾ 7

1. Երեխան գրանցվում է ծնվելուց հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

2. Մասնակից պետություններն այդ իրավունքների և իրենց պարտավորությունների իրականացումն ապահովում են ըստ ազգային օրենսդրությունների և այդ բնագավառի