Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/494

Այս էջը հաստատված է

2. Այդ իրավունքի իրականացման առթիվ չի կարող կիրառվել որևէ սահմանափակում, բացի նրանցից, որոնք գործադրվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ են հանուն պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի (ordre public), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության շահերի:


ՀՈԴՎԱԾ 16

1. Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող դառնալ կամայական կամ ապօրինի միջամտության կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության օբյեկտ:

2. Երեխան այդպիսի միջամտությունից և ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:


ՀՈԴՎԱԾ 17

Մասնակից պետություններն ընդունում են զանգվածային լրատվության միջոցների կարևոր դերը և երեխայի համար ապահովում են ազգային ու միջազգային զանազան աղբյուրների տեղեկատվությունների ու նյութերի մատչելիությունը, հատկապես այսպիսի տեղեկատվությունների ու նյութերի, որոնք միտված են երեխայի սոցիալական, հոգևոր և բարոյական բարեկեցությանը, ինչպես նաև նրա ֆիզիկական ու հոգեկան առողջ զարգացմանն աջակցելուն: Այդ նպատակով մասնակից պետությունները

ա) խրախուսում են զանգվածային լրատվության միջոցների կողմից այնպիսի տեղեկատվության ու նյութերի տարածումը, որոնք օգտակար են երեխային սոցիալական և մշակութային առումով և բխում են 29-րդ հոդվածի ոգուց,

բ) խրախուսում են միջազգային համագործակցությունը զանազան մշակութային, ազգային և միջազգային աղբյուրներից այդպիսի տեղեկատվության ու նյութերի նախապատրաստման, փոխանակման ու տարածման գործում,

գ) խրախուսում են մանկական գրականության լույսընծայումն ու տարածումը,

դ) խրախուսում են զանգվածային լրատվության միջոցներին՝ հատուկ ուշադրություն դարձնելու ազգային փոքրամասնությունների կամ բնիկ ազգաբնակչության այս կամ այն խմբին պատկանող երեխաների լեզվական պահանջմունքներին,

ե) հաշվի առնելով 13 և 18-րդ հոդվածների դրույթները, խրախուսում են երեխայի բարեկեցությանը վնասող տեղեկատվությունից և նյութերից նրան պաշտպանելու պատշաճ սկզբունքների մշակումը:


ՀՈԴՎԱԾ 18

1. Մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր և հավասար պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները կամ համապատասխան դեպքերում՝ օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվությունը: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:

2. Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքների երաշխիքներին և իրականացմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս երեխաների դաստիարակության առթիվ իրենց պարտականությունները կատարելու գործում և ապահովում են մանկական հիմնարկների ցանցի զարգացումը:

3. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի աշխատող ծնողները իրավունք ունենան օգտվելու իրենց համար նախատեսված և երեխաների