Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/496

Այս էջը հաստատված է

ե) հարկ եղած դեպքում երկկողմ կամ բազմակողմանի պայմանավորվածությունների և համաձայնագրերի կնքման ուղիով նպաստում են սույն հոդվածի նպատակներին հասնելուն և դրա հիման վրա ձգտում են ապահովել, որ երեխային այլ երկրում տեղավորելը իրականացվի իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից:


ՀՈԴՎԱԾ 22

1. Մասնակից պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացող, գործող միջազգային կամ ներքին իրավունքի ու ընթացակարգի համաձայն փախստական համարվող երեխայի համար, ինչպես ծնողների կամ ցանկացած այլ անձանց կողմից ուղեկցվելու, այնպես էլ չուղեկցվելու դեպքում ապահովվի պատշաճ պաշտպանություն, և մարդասիրական օգնություն՝ կիրառելի իրավունքներից օգտվելու համար, որոնք շարադրված են սույն կոնվենցիայում և մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային կամ մարդասիրական փաստաթղթերում, որոնց մասնակիցն են նշված պետությունները:

2. Այդ նպատակով մասնակից պետությունները երբ իրենք դա անհրաժեշտ են համարում, աջակցություն են ցույց տալիս Միավորված ազգերի կազմակերպության և այլ իրավասու միջկառավարական կազմակերպությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցող այլ ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերին՝ այդպիսի երեխային պաշտպանություն և օգնություն ցույց տալու և ցանկացած այլ փախստական երեխայի ծնողների կամ ընտանիքի այլ անդամների որոնումների գործում՝ իր ընտանիքի հետ միանալու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Եթե ծնողները կամ ընտանիքի մյուս անդամները չեն գտնվում, այդ երեխային այնպիսի պաշտպանություն է ցույց տրվում, ինչպիսին ցույց է տրվում ինչ-որ պատճառով իր ընտանեկան շրջապատից մշտապես կամ ժամանակավորապես զրկված ցանկացած այլ երեխայի, ինչպես դա նախատեսված է սույն կոնվենցիայով:


ՀՈԴՎԱԾ 23

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական ոչ լիարժեք երեխան պետք է վարի լիարժեք և արժանավայել կյանք այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:

2. Մասնակից պետություններն ընդունում են ոչ լիարժեք երեխայի՝ հատուկ հոգածության ենթակա լինելու իրավունքը, խրախուսում և, միջոցների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա մասին հոգ տանելու համար պատասխանատու անձանց ցույց են տալիս օգնություն, եթե այդ առթիվ խնդրանք է ներկայացվել և եթե դա համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:

3. Որպես ոչ լիարժեք երեխայի հատուկ կարիքների ճանաչում, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված օգնությունը նրան տրվում է ըստ հնարավորի անվճար, հաշվի առնելով ծնողների կամ երեխայի նկատմամբ խնամք տանող անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի ոչ լիարժեք երեխայի համար ապահովել կրթություն, մասնագիտական պատրաստություն, բժշկական սպասարկում ստանալու, առողջությունը վերականգնելու, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու համար արդյունավետ հնարավորություն, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ մշակութային և հոգևոր զարգացումը:

4. Մասնակից պետությունները միջազգային համագործակցության ոգով նպաստում են ոչ լիարժեք երեխաների բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժման ու կանխարգելիչ առողջապահության բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիության ապահովումը, որպեսզի մասնակից պետություններին թույլ տրվի բարելավել իրենց հնարավորություններն ու