Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/501

Այս էջը հաստատված է

բացառությամբ հատուկ հանգամանքների,

դ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա իրավունք ունենա անհապաղ օգտվելու համապատասխան իրավական և այլ օգնությունից, ինչպես նաև դատարանի կամ իրավասու, անկախ և անկողմնակալ այլ մարմնի առաջ վիճարկել իրեն ազատությունից զրկելու օրինականությունը և իրավունք ունենա նրանց կողմից անհապաղ որոշում ակնկալել այդպիսի ցանկացած դատավարական գործողության առթիվ:

ՀՈԴՎԱԾ 38

1. Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները, որոնք կիրառվում են զինված հակամարտության դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց պահպանումը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու, որպեսզի 15 տարին չլրացած անձինք ուղղակի մասնակցություն չունենան մարտական գործողություններին:

3. Մասնակից պետությունները ձեռնպահ են մնում 15 տարին չլրացած ցանկացած անձի՝ իրենց զինված ուժերում ծառայության կանչելուց: Հավաքագրման ժամանակ 15 տարին լրացած, բայց դեռ 18 տարին չլրացած անձանց թվից մասնակից պետությունները ձգտում են նախապատվություն տալ ավելի բարձր տարիք ունեցողներին:

4. Զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական ազգաբնակչության պաշտպանության առթիվ միջազգային մարդասիրական իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները զինված հակամարտությունից տուժող երեխաների պաշտպանությունը և խնամքն ապահովելու նպատակով:

ՀՈԴՎԱԾ 39

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի աջակցություն ցույց տան քամահրանքի ցանկացած ձևի, շահագործման կամ չարաշահման, խոշտանգումների կամ ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի, պատժի կամ զինված հակամարտության զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերամիասնացմանը: Այդպիսի վերականգնումը և վերամիասնացումը պետք է իրականացվեն երեխայի առողջությունը, իր նկատմամբ հարգանքը և արժանապատվությունն ապահովող պայմաններում:

ՀՈԴՎԱԾ 40

1. Մասնակից պետություններն ընդունում են քրեական օրենսդրությունը խախտած համարվող, մեղադրվող կամ մեղավոր ճանաչված յուրաքանչյուր երեխայի իրավունքը արժանանալու այսպիսի վերաբերմունքի, որը նպաստում է նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմանը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ուրիշների հիմնական ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշվի է առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերամիասնացման և հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիությունը:

2. Այդ նպատակով և նկատի առնելով համապատասխան միջազգային փաստաթղթերի դրույթները, մասնակից պետությունները, մասնավորապես, ապահովում են, որ.

ա) ոչ մի երեխա չհամարվի քրեական օրենսդրությունը խախտող, չմեղադրվի և մեղավոր չճանաչվի այն խախտելու մեջ իր գործողությունների կամ անգործության պատճառով, եթե դրանք կատարման պահին արգելված չեն եղել ազգային կամ միջազգային իրավունքով,

բ) քրեական օրենսդրությունը խախտած համարվող կամ մեղադրվող յուրաքանչյուր երեխա ունենա առնվազն հետևյալ երաշխիքները.

- անմեղության կանխավարկած, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել համաձայն օրենքի,