Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/536

Այս էջը հաստատված է

պարտադրելը:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կրթություն» հասկացությունը վերաբերում է կրթության բոլոր տեսակներին ու մակարդակներին և ներառում է կրթություն ստանալու հնարավորությունը, կրթության ստանդարտն ու որակը, ինչպես նաև կրթություն տալու պայմանները:

ՀՈԴՎԱԾ 2

Հետևյալ իրավիճակները չեն դիտվում որպես խտրականություն սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված իմաստով, եթե դրանք թույլատրվում են առանձին պետությունում՝

ա) կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը տարբեր սեռի սովորողների համար այն դեպքերում, երբ այդ համակարգերը կամ հաստատություններն առաջարկում են կրթության համարժեք մատչելիություն, ապահովում են միևնույն ստանդարտի որակավորում ունեցող դասավանդող անձնակազմ, ինչպես նաև միևնույն որակի դպրոցական շենքեր ու սարքավորում և տրամադրում են միևնույն կամ համարժեք ուսումնական դասընթացների հնարավորություն,

բ) կրոնական կամ լեզվական պատճառներով կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը, որոնք տալիս են սովորողների ծնողների կամ խնամակալների ցանկությանը համապատասխանող կրթություն, եթե մասնակցությունն այդ համակարգերին կամ այդ հաստատություններ հաճախելը կամավոր է, և եթե դրանց կողմից տրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար,

գ) մասնավոր ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումն այն դեպքերում, եթե դրանց նպատակը ոչ թե որևէ խմբի բացառումն է, այլ կրթության հնարավորությունների տրամադրումը՝ ի լրումն պետական մարմինների տրամադրածի, եթե այդ հաստատությունները գործում են վերոհիշյալ նպատակին համապատասխան, և եթե տրամադրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես միևնույն մակարդակի կրթության համար:

ՀՈԴՎԱԾ 3

Սույն Կոնվենցիայում տեղ գտած իմաստով խտրականությունը վերացնելու և կանխարգելելու նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.

ա) չեղյալ հայտարարել ցանկացած նորմատիվ ակտ ու վարչական կարգադրություն և դադարեցնել վարչական ցանկացած պրակտիկա, որոնք խտրականություն են ներառում կրթության բնագավառում,

բ) երաշխավորել, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական կարգով, խտրականության բացառում ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության հարցում,

գ) չթույլատրել պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ որևէ տարբերակված վերաբերմունք, բացառությամբ ընդունակության կամ կարիքավորության հիմքով՝ կապված ուսման վարձի, կրթաթոշակների կամ սովորողներին աջակցության այլ ձևերի, ինչպես նաև՝ կրթությունն օտարերկրյա պետություններում շարունակելու համար անհրաժեշտ թույլատրության և հնարավորությունների հետ,

դ) պետական մարմինների կողմից ուսումնական հաստատություններին այս կամ այն տեսակի օգնություն ցուցաբերելիս թույլ չտալ որևէ սահմանափակում կամ նախապատվություն, որը բացառապես հիմնված լինի սովորողների՝ որևէ խմբին պատկանելության վրա,

ե) իրենց տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել կրթություն ստանալու նույն հնարավորությունները, ինչ որ սեփական քաղաքացիներին: