Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/549

Այս էջը հաստատված է

ա. յուրաքանչյուր երեխայի հիմնական իրավունքն է հանդիսանում առավել ամբողջական կրթության հնարավորության ապահովումը: Անհրաժեշտ ուշադրություն պետք է հատկացնել այն երեխաներին, ովքեր ունեն հատուկ մանկավարժական մոտեցման պահանջ,

բ. յուրաքանչյուր մարդու հավասար հիմքի վրա պետք է հնարավորություններ հատկացվեն նրա՝ կրթություն ստանալու իրավունքի իրականացման համար առանց որևէ խտրականության՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, հավատքի, քաղաքական հայացքների, ազգային կամ սոցիալական ծագման և տնտեսական վիճակի հատկանիշներով պայմանավորված,

գ. քանի որ կրթությունը հասարակության համար առաջնահերթ նշանակության գործ է, դրա պատասխանատվությունը պետք է ընկնի պետության վրա, որը պարտավոր է ապահովել դպրոցների բավարար ցանց, անվճար կրթություն և նյութական օգնություն կարիքավոր սովորողներին. վերը նշվածը պետք չէ մեկնաբանել ո՛չ որպես ծնողների կամ օրինական խնամակալների՝ երեխաներին ոչ պետական դպրոցներ ուղարկելու ազատության ոտնահարում, ո՛չ որպես առանձին անձանց կամ կազմակերպությունների՝ մանկավարժական նվազագույն նորմերին համապատասխանող ուսումնական հաստատություններ ստեղծելու և դրանք կառավարելու ազատության խախտում,

դ. քանի որ կրթությունը համարվում է տնտեսության զարգացման գործոն, կրթության պլանավորումը պետք է լինի տնտեսական և սոցիալական զարգացման ընդհանուր պլանավորման մի մասը՝ նպատակ ունենալով բարելավել կյանքի պայմանները,

ե. քանի որ կրթությունը իրենից ներկայացնում է անընդհատ գործընթաց, տարբեր ուսուցիչների միջև սերտ կապը կարող է նպաստել բոլոր սովորողների ուսուցման որակի բարձրացմանն ու ուսուցիչների վիճակի բարելավմանը,

զ. անհրաժեշտ է ապահովել դպրոցների ճկուն համակարգերի նկատմամբ ազատ մուտք, որոնք անհրաժեշտ ձևով փոխկապակցված են նրա համար, որպեսզի ոչինչ չսահմանափակի յուրաքանչյուր մարդու հնարավորությունները՝ ստանալ ցանկացած տեսակի և մակարդակի կրթություն,

է. որպես կրթության զարգացման խնդիր ոչ մի պետություն չպետք է բավարարվի միայն քանակական աճով, այլ նաև պետք է ձգտի բարձրացնել դրա որակը,

ը. կրթության ոլորտում անհրաժեշտ է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պլանավորում և ծրագրավորում, այսօրվա սովորողներին հասարակական կյանքի մեջ արդյունավետ ներգրավումը ավելի շատ կախված կլինի ապագա պահանջմունքներից, քան նախկինի,

թ. կրթության ոլորտում ամեն մի պլանավորում պետք է յուրաքանչյուր փուլում ներառի ժամանակակից միջոցների ձեռնարկում բավարար քանակի ուսուցչական կադրերի պատրաստման և մասնագիտական կատարելագործման համար, որոնք կատարելապես գործիմաց են ու որակավորված, գիտեն իրենց ժողովրդի կյանքը և ունակ են ուսուցման գործընթացի մեջ մտնել նրանց մայրենի լեզվով,

ժ. ուսուցիչների մասնագիտական կատարելագործման գործում առաջնակարգ նշանակություն ունեն մանկավարժական համակարգված, անընդհատ հետազոտությունները և միջոցառումները, որոնք ներառում են հետազոտողների միջև համագործակցությունը միջազգային մակարդակում և միմյանց հետ այդ հետազոտությունների արդյունքների փոխանակումը,

ժա. անհրաժեշտ է սերտ կապ ապահովել համապատասխան մարմինների, ուսուցչական կազմակերպությունների, գործատուների և աշխատողների, ծնողական կազմակերպությունների և գիտահետազոտական հաստատությունների միջև կրթության ոլորտում քաղաքականության և նրա խնդիրների որոշման համար,

ժբ. քանի որ կրթության նպատակներին և խնդիրներին հասնելը նշանակալի չափով կախված է նաև հատկացված ֆինանսական միջոցներից, ապա բոլոր երկրների ազգային բյուջեներում պետք է նախատեսել ազգային եկամտից որոշակի բաժին՝ կրթության զարգացման համար:

Ուսուցչի մասնագիտության պատրաստումը

Ուսուցչի աշխատանքի համար կադրերի ընտրությունը