Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/55

Այս էջը հաստատված է
  • նախատեսել նոր մարտահրավերներին արագ արձագանքման մեխանիզմներ, պարբերաբար արդիականացնել, ժամանակակից դարձնել կրթական ծրագրերը՝ որակյալ կրթության ստացումն ապահովելու համար:
  • Կրթության բոլոր աստիճանների տևողությունը 12-ամյա դարձնելու որոշումը արդյունավետ օգտագործել նոր դասաժամերի բաշխման ժամանակ:
  • Կատարել սովորողների հոգեբանաֆիզիոլոգիական, կրթական ծանրաբեռնվածության չափում և դրա կարգավորում, ուսումնական հաստատություններում ստեղծել պայմաններ սովորողների առողջության պահպանման համար, այդ թվում՝

ա) ուշադրություն դարձնել բոլոր ուսումնական հաստատություններում ֆիզկուլտուրայի և սպորտի դասաժամերի անցկացմանը, կարևորություն տալով անցկացվող պարապմունքների որակին, մրցունակության բարձրացմանը և պարբերաբար անցկացվող ներդպրոցական, միջդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական սպորտային միջոցառումներին:

բ) Բացի մայրենի լեզվից և պատմությունից, իրականացնել ընդհանուր կրթության որոշ առարկաների բովանդակության բեռնաթափում՝ որը ոչինչ չի տալիս սովորողին, փոխարենը մտցնել և ավելացնել օտար լեզվի, մշակույթի, երգեցողության, ֆիզիկական դաստիարակության, գեղագիտության, էթիկայի, վարվելաձևի ուսուցման ժամերը:

գ) Հատկացված միջոցների արդյունավետ օգտագործում, արտաբյուջետային միջոցների կամավոր հանգանակություններ կազմակերպելիս դրանց հավաքագրման և կատարված ծախսերի վերաբերյալ նվիրաբերողներին, բարեգործներին գրավոր մանրամասն հաշվետվությունների ներկայացման և ծնողներին ու համայնքի հասարակությանն այդ մասին տեղեկացնելու թափանցիկության ապահովում:

դ) Հանրակրթական դպրոցներում սովորողներին տրամադրվող սննդի կալորիականության ու որակի բարձրացում և սննդի ամենօրյա վերահսկողության ապահովում:

ե) Երեխաների ամառային հանգստի բարենպաստ պայմանների ստեղծում:

Բացի այդ, անհրաժեշտ է՝

  • Առավել ուշադրություն դարձնել ուսման մեջ ակնառու հաջողությունների հասնող երեխաներին՝ նրանց համար կազմակերպելով լրացուցիչ խորացված ուսուցում, ինչպես նաև խրախուսման տարբեր ձևեր:
  • Ապահովել կրթության մեկ աստիճանից մյուսին անցնելու ներդաշնակությունը՝ բացառել կրթության տարբեր աստիճանների անցման մեջ առկա գիտելիքների մասնատվածությունը:
  • Էթիկայի սկզբունքների հիման վրա արդյունավետ օգտագործել երեխաների ստեղծագործական, բարոյական ներուժը, որպես ինքնահաստատման հոգեբանության ձևավորման և զարգացման միջոց:
  • Մեծացնել կարգապահության և վարքապահվածքի դերը, որը կապահովի սովորողների տարբեր առարկաների գծով հաջող ուսուցումը, արժանավայել, քաղաքակրթված մարդուն հարիր պահվածքը, ուժեղացնել մասնագիտական ուղղվածությունը և աշխատանքի ուսուցումը, ապահովել համընդհանուր համակարգչային իմացություն:
  • Միջին դպրոցի շրջանավարտների համար ապահովել նվազագույնը մեկ օտար լեզվի խոսակցական իմացություն:
  • Մասնագիտական ուղղվածության համակարգում ստեղծել պայմաններ երիտասարդների, պատանիների մասնագիտական կողմնորոշման հարցում, արժեքավորելով անձնական կարողություններն ու հմտությունները հետաքրքրություններն ու հակումները այս կամ այն մասնագիտության յուրացման հարցում:
  • Հատկապես գյուղական վայրերի ավագ դպրոցների համար կազմակերպել դպրոցական ավտոբուսների երթևեկության ցանց՝ այն հաշվով, որ արդյունավետ օգտագործվի տրանսպորտային միջոցները՝ տարբեր դպրոցների դասերը տարբեր ժամերի սկսելու միջոցով:
  • Ընդլայնել օժտված երեխաների /հրաշամանուկներ/ դպրոցներին տրամադրվող պետական օժանդակությունը:
  • Մշակել հեռահար ուսուցման նոր ձևեր: