Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/556

Այս էջը հաստատված է

գ) տարբեր դասերի քանակը, որ ուսուցիչը պետք է անցկացնի ամեն օր:

դ) ուսուցչին անհրաժեշտ ժամանակ, որպեսզի մասնակցի հետազոտական աշխատանքներին, արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներին, ինչպես նաև աշակերտներին հետևելու և նրանց համար խորհրդատվություններ անցկացնելու համար:

ե) Ցանկալի է ուսուցիչներին ժամանակ հատկացնել ծնողների հետ զրույցների և խորհրդատվությունների համար աշակերտների առաջադիմության վերաբերյալ:

Ուսուցիչը պետք է ժամանակ ունենա իր որակավորումը բարձրացնելու համար:

Ուսուցչի մասնակցությունն արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներին չպետք է ծանրաբեռնի նրան և խանգարի հիմնական պարտականությունների կատարմանը:

Ուսուցիչների համար, որոնց վրա ուսումնական պարապմունքներից բացի դրված են հատուկ մանկավարժական պարտականություններ՝ հաշվի առնելով ուսումնական ծանրաբեռնվածության աստիճանը դրան համապատասխան պետք է կրճատել:

Ամենամյա վճարովի արձակուրդներ

Բոլոր ուսուցիչները պետք է իրավունք ունենան տարեկան բավարար տևողությամբ արձակուրդի՝ լրիվ աշխատավարձի պահպանմամբ:

Արձակուրդ որակավորման բարձրացման համար

Ժամանակ առ ժամանակ ուսուցիչներին պետք է տրամադրվի որակավորման բարձրացման համար արձակուրդ՝ լրիվ կամ մասնակի դրամական բավարարման պահպանմամբ:

Հատկացված արձակուրդի ժամանակահատվածը պետք է համարվի որպես ստաժ կենսաթոշակի նշանակման ժամանակ:

Հեռավոր, քաղաքի կենտրոններից հեռու շրջաններում աշխատող ուսուցիչներին պետական մարմինները որակավորման բարձրացման համար ավելի հաճախ պետք է տրամադրեն այդպիսի արձակուրդ:

Հատուկ արձակուրդներ

Երկկողմանի և բազմակողմանի մշակութային փոխանակման շրջանակներում տրվող արձակուրդները պետք է մտցվեն աշխատանքային ստաժի մեջ:

Տեխնիկական օգնության նախագծերի իրագործման բնագավառում աշխատող ուսուցիչների համար ստաժի մեջ պետք է հաշվարկվի այդ աշխատանքի ժամանակը՝ պահպանելով հնարավորությունները ծառայողական առաջխաղացման և կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Արտասահման հրավերով աշխատանքի մեկնող ուսուցչի աշխատաժամանակահատվածն իր հայրենիքում պետք է հաշվարկվի որպես աշխատանքային ստաժ և պահպանվի կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Առանձին դեպքերում ուսուցիչներին պետք է տրվեն արձակուրդներ աշխատավարձի լրիվ պահպանմամբ, որպեսզի հնարավորություն տրվի մասնակցել իրենց կազմակերպությունների գործունեությանը:

Ուսուցիչներն իրավունք պետք է ունենան ընտրվել և գրավել ընտրովի պաշտոններ իրենց կազմակերպություններում և այդ դեպքում օգտվել նույն իրավունքներից, ինչ այն ուսուցիչները, ովքեր գրավում են ընտրովի պաշտոններ պետական մարմիններում:

Ուսուցիչներին պետք է տրվեն աշխատավարձի լրիվ պահպանմամբ արձակուրդներ՝ հիմնավորված անձնական պատճառներով, համաձայն դրույթների, որոնք որոշվել են աշխատանքի ընդունվելուց առաջ:

Հիվանդության և հղիության արձակուրդներ

Ուսուցիչները պետք է օգտվեն աշխատավարձի պահպանմամբ հիվանդության արձակուրդի իրավունքից:

Երբ որոշվում է աշխատավարձի լրիվ կամ մասնակի վճարման ժամկետը, պետք է հաշվի առնել այն դեպքերը, երբ ուսուցիչները մեկուսացվում են աշակերտներից երկար ժամանակամիջոցով:

Մայրության պահպանության բնագավառում պետք է կիրառվեն առնվազն Մայրության պահպանության 1919 և 1952 թթ. ԱՄԿ /Աշխատանքի միջազգային կազմակերպության/ կոնվենցիաները։