Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/562

Այս էջը հաստատված է

ժողովրդավար քաղաքացիների համար հանդիսանում է եվրոպական ազգային միասնության ամրապնդման նախապայման: Հենց այդ փաստաթղթում ամրագրում ստացավ եվրոպական տարածքի ազգային համայնքների համախմբման գաղափարը: Տվյալ փաստաթղթի համաձայն պետությունները պետք է վերցնեն կրթության քաղաքականության պարտադիր բաղադրամասը կազմող կրթության ժողովրդավարացման ուղի՝ կրթության ազատության հասկացության տակ հասկանալով տեղային, տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում իրավունքների և պարտականությունների հավասարակշռություն:

Այսպիսով, Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրների կրթական քաղաքականությունը անցյալ դարի 90-ականների վերջից ուղղված էր սոցիալական, տնտեսական, քաղաքական երաշխիքների, ամբողջ կյանքի ընթացքում ցանկացած կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովմանը, կրթության մեջ բնակչությանը առավելագույն լայնածավալ ներգրավմանը, համընդհանուր պարտադիր դպրոցական կրթության ապահովմանը, բնակչության կրթության որակի ու մակարդակի բարձրացմանը, կրթություն ստանալու սեփական ընտրության առավելագույն հնարավորության տրամադրմանը, կրթության և կրթական միջավայրի պայմանների բարելավմանը, որոնք կրթական գործընթացի բոլոր սուբյեկտների համար ստեղծում են լայն հնարավորություններ գիտական ուսումնասիրությունների զարգացման ու խթանման և այդ նպատակի իրագործման համար հիմնադրամների և գիտական հիմնարկների ստեղծմանը: Վերջիններիս ստեղծման նպատակը նպաստելն է կրթական միջավայրի զարգացման և կրթական համակարգի ապահովման համար տեղեկատվական և տեխնոլոգիական միջոցների հատկացմանը, կրթական հիմնարկների ինքնավարության ընդարձակմանը, Եվրոպական միության շրջաններում միջպետական կրթական տարածության ստեղծմանը:

Սրա հետ մեկտեղ նորմատիվ փաստաթղթերում ասվում է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է մշակում կրթության որակական փոփոխությունների և բարենպաստ պայմանների ստեղծման իր ուղին, որպեսզի տարբեր ընդունակություններով, հնարավորություններով, հետաքրքրություններով և հակումներով մարդիկ ստանան հավասար հնարավորություններով կրթություն:

Ինտեգրման աճող գործընթացը բերում է նրան, որ անհրաժեշտ է մշակել համապատասխան համաձայնագրեր գիտական աստիճանների և կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար, որը ենթադրում է բարձրագույն կրթության դիվերսիֆիկացման /ծագել է լատիներեն՝ Diversus-տարբեր + forced հարկադրական, ստիպողական փոփոխություն բառերից):

Լիսաբոնյան Հռչակագիրը /Դեկլարացիան/ և եվրոպական տարածաշրջանի բարձրագույն կրթության որակավորման ճանաչմանը վերաբերող Կոնվենցիան ընդունվել է 1997 թվականի ապրիլի 11-ին:

Միասնական համատեղ կոնվենցիա ստեղծելու առաջարկը պետք է փոխարիներ բարձրագույն կրթության մասին եվրոպական կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական տարածաշրջանում դասընթացների, բարձրագույն կրթության դիպլոմների, գիտական աստիճանների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային, որը ներկայացվեց համալսարանական հիմնախնդիրներով մշտական համաժողովի 16-րդ նստաշրջանին: Նոր համատեղ կոնվենցիայի մշակման առաջարկին հավանություն էր տրվել նաև ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում:

1997 թ. Լիսաբոնում ընդունվեց «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության վերաբերյալ որակավորման ճանաչման մասին» Կոնվենցիան, որն աշխարհի 50-ից ավելի երկրների միջազգային կրթական համագործակցության որոշիչ իրավական փաստաթուղթ է: Տվյալ կոնվենցիային միանալը Կոնվենցիայի հավանական մասնակիցներին հնարավորություն է տալիս մտնել այս բնագավառի միասնական իրավական դաշտ, որպիսիք են Եվրոպայի բոլոր երկրները, ԱՊՀ երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան: Այս փաստաթուղթը նաև հայանպաստ է այնքանով, որ թվարկված երկրների հայաշատ գաղութների բնակիչների մի մասը իրենց կրթությունը ստացել էին Հայաստանում, և հատկապես այդ փաստաթղթերի ճանաչման խնդիրը սուր անհրաժեշտություն է:

Կոնվենցիան միավորում է կրթության վերաբերյալ շատ տարբեր փաստաթղթեր, որոնք անվանվում