Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/57

Այս էջը հաստատված է

և փոխպայմանավորված են միմյանց հետ: Այս իմաստով սոցիալական ինստիտուտների տվյալ չափանիշով դասակարգումը հարաբերական բնույթ է կրում և արտացոլում է դրանց սոցիալական կոչման միայն առաջնային ուղղվածությունը: Այնուամենայնիվ, տեսականորեն այսպիսի սահմանազատումը ոչ միայն հնարավոր է, այլև՝ անհրաժեշտ, քանի որ այն թույլ է տալիս ավելի խորությամբ ներթափանցել կոնկրետ ինստիտուտի բնույթի, էության և բովանդակության մեջ, հասկանալ դրա կառուցվածքային և հարաշարժ բնութագրիչները, դրա կապերն այլ ինստիտուտների հետ: Չնայած իրենց բոլոր մասնավոր առանձնահատկություններին, ելնելով այս ամենից, կազմակերպական սոցիալական ինստիտուտների իմաստը կազմող հատկանիշը, ցանկացած կառավարման և կազմակերպության հիմնարար բացկացուցիչ մասը իշխանությունն է (համապատասխանաբար նաև իշխանություն կրողը):

Կարգավորիչ սոցիալական ինստիտուտների (սոցիալական կարգավորիչների) կոչումը կենսագործունեության այս կամ այն ոլորտում հասարակական հարաբերությունների այնպիսի կարգի սահմանումն է, ապահովումը, պահպանումը և պաշտպանությունը, որը կոնկրետ սոցիալ-պատմական իրադրությունում առավելագույնս կհամապատասխանի հասարակական պահանջմունքներին և շահերին: Ցանկացած կարգավորիչ ինստիտուտի հիմքը մշտապես հանդիսանում են սոցիալական նորմերը: Դրանք մարդկանց կենսագործունեության նյութական և ոչ նյութական տարբեր ոլորտներում հասարակական հարաբերությունների օբյեկտիվորեն պայմանավորված կանոնակարգումն ապահովող, հասարակության կողմից մշակված և որոշակի միջոցներով ամրագրված և արտահայտված վարքի ընդհանուր կանոններ են, որոնց հետևելը հասարակության կողմից երաշխավորվում է տարբեր միջոցներով, այդ թվում և՝ հարկադրական բնույթի հնարավորություններով: Այդպիսի սոցիալական նորմերից են սովորական նորմերը, սովորույթները, ավանդույթները, դիվանագիտական նորմերը, կրոնական նորմերը, իրավաբանական (իրավական) նորմերը, քաղաքական նորմերը, կորպորատիվ նորմերը, վարքապահվածքի և բարոյականության և այլ նմանատիպ կանոնները: Իրենց բնույթով միատեսակ նորմ-կանոնները ձևավորում են սոցիալական կարգավորիչներ (կարգավորիչ ինստիտուտներ)՝ սովորույթներ, բարոյականություն, կրոն, քաղաքականություն, իրավունք և այլն:

Սոցիալական կարգավորիչների առանձնահատկությունն այն է, որ հասարակական հարաբերությունների նորմատիվ կարգի սահմանումը (պահպանումը և այլն) տեղի է ունենում ինչպես կոնկրետ կազմակերպական ինստիտուտների, այնպես էլ այդ ինստիտուտների միջև ձևավորված հարաբերությունների շրջանակում: Սակայն, կարգավորիչ ինստիտուտների այդպիսի դերը ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանք երկրորդային նշանակություն ունեն կազմակերպական ինստիտուտների հետ համեմատ: Բանն այն է, որ ցանկացած սոցիալական կառավարում ենթադրում է իշխանության և կարգավորման գործընթացի (նորմեր) օրգանական միասնություն, սոցիալական իշխանությունը չի կարող (ընդունակ չէ) առանց սոցիալական կարգավորիչների վրա հենվելու հասնել իր նպատակներին, իսկ սոցիալական նորմերն էլ (կարգավորիչները), իրենց հերթին, անզոր են առանց սոցիալական իշխանության մեխանիզմների կողմից դրանց կատարման և պահպանման երաշխիքների:

Ցանկացած սոցիալական ինստիտուտին բնորոշ են մի շարք էական գծեր, որոնք արտահայտում են դրա հենց հատկապես ինստիտուցիոնալ բնույթը: Այդպիսի գծերից են հետևյալների առկայությունը՝

ա/ մարդկանց կենսագործունեության և կազմակերպման հատուկ ձևը,

բ/ հատուկ հաստատություններ, և դրանով իսկ, պաշտոնատար անձանց համապատասխան խումբը, ովքեր լիազորված են կատարել անհրաժեշտ սոցիալական գործառույթներ և դերեր՝ գործունեության տարբեր ձևերի և տեսակների կառավարման և վերահսկողության նպատակով,

գ/ այդ պաշտոնական անձանց և հասարակության անդամների միջև հարաբերությունները կարգավորող նորմերը և սկզբունքները, որոնք ընդգրկված են տվյալ սոցիալական ինստիտուտի ազդեցության շրջանակի մեջ,

դ/ անհրաժեշտ նյութական միջոցներ (հասարակական կառույցներ, սարքավորումներ, ֆինանսական միջոցներ, տրանսպորտ, տեխնիկական ապահովվածություն և այլն),