Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/572

Այս էջը հաստատված է

հօգուտ քաղաքական իրավիճակային հետաքրքրությունների բավարարման։

Որպես կամայական, այդ թվում նաև կրթական անվտանգության վերլուծության կարևորագույն առարկա հանդես են գալիս այդպիսի անվտանգության համար սպառնալիքները (երբեմն խոսում են ռիսկերի մասին, ինչը միևնույնը չէ)։ Իսկ ինչպիսի՞ սպառնալիքների, այսինքն՝ կրթա-իրավական բնույթի վտանգների մասին կարող է խոսք գնալ Հայաստանի՝ «Բոլոնյան գործընթացի» իրավական տարածությունում նրա գտնվելու պայմաններում:

Խոսքը կարող է գնալ մեկ հիմնական վտանգի՝ ընդհանրապես երկրի և մասնավորապես կրթական օրենսդրության կրթության գաղափարախոսության և քաղաքականության համար վտանգի մասին, ինչում այն կարող է արտահայտվել կամ արդեն արտահայտվում է: Միաժամանակ նշենք, որ կարելի է խոսել ոչ թե որպես բացարձակ, այլ հարաբերական վտանգի մասին: Եվ դա շատ էական է, քանի որ «վտանգների» մեծ մասը կրում են և պիտի կրեն դրական բնույթ գոնե այսօրվա համար և զանգվածային տեղեկատվական միջոցների ներկայացուցիչների, գիտակրթական միջավայրի ներկայացուցիչների, մեծ թվով քաղաքական գործիչների անսովոր ու անսպասելի ներկայացումներում:

Այնուամենայնիվ, առաջին հերթին, սպասելի է այն փաստը, որ Հայաստանը ստիպված կլինի բախվել անխուսափելի փոփոխություններին, այն էլ այն պայմաններում, երբ չունի մինչև օրս ընդունված կրթական ուսմունք: Մի կողմից այն հեշտացնում է կրթության ոլորտը կառավարող այրերի գործը, քանի որ չկա նախապես ընդունված և պարագծված կրթական գաղափարախոսություն, մյուս կողմից՝ չի պարզված, թե «Բոլոնյան գործընթացի» դրույթների որ մասն է մեզ ձեռնտու:

Սակայն այս բոլորի հիմնական պատճառը «Բոլոնյան գործընթացի» մասին, անգամ մասնագետների կցկտուր գիտելիքներ ունենալն է:

Այսպես, օրինակ, անհրաժեշտ է փոփոխություններ սպասել այն մասում, որը վերաբերում է Եվրոպական և միջազգային կրթության հետ հայկական կրթության փոխհարաբերությունների սկզբունքներին:

Առաջինը, չարժե փութկոտություն հանդես բերել: Նախ այս գործընթացի մասին տեղեկացվածությունը խիստ սահմանափակ է, ինչը տեղիք է տալիս տարբեր կողմերից հնչող չհիմնավորված դրական կամ բացասական կարծիքների:

Երկրորդ, կարևոր են նաև «Բոլոնյան գործընթացի» և միգրացիոն գործընթացների միջև առկա աղերսները, այսինքն՝ կրթության նոր քաղաքականության օգուտների և վնասների հարաբերակցությունը:

Երրորդ, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկելու այլ երկրներում կրթություն ստացած անձանց Հայաստանում տեղավորելու և ընդգծված բարձր աշխատավարձ վճարելու մասին:

Չորրորդ, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև մանկավարժական՝ պրոֆեսորադասախոսական կադրերի պատրաստման համակարգում, հատկապես այն իմաստով, որ պետք է բարձրացնել նրանց պատասխանատվությունը իրենց ունեցած որակական մակարդակի համար, որը, համենայն դեպս, ոչ թե չի կարող և չպետք է լինի եվրոպականից ցածր, այլև՝ բարձր: Դա, իր հերթին, ենթադրում է օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների ներմուծումը այն մասում, որը վերաբերում է պետության կողմից պրոֆեսորադասախոսական-մանկավարժական կազմի որակավորման բարձրացման ապահովմանը, և դրանով իսկ՝ դասավանդման (կրթության) որակին: Իհարկե, նման վերապատրաստումները մեծ փող արժեն, սակայն այդ նպատակի իրագործման համար փող խնայելը ճիշտ չէ, քանի որ դա ներդրում է ապագայի մեջ:

Ցավոք, կրթության տարբեր աստիճանների օրենքները բարեփոխման անվան տակ գործող կրթության մասին օրենսդրության մեջ ներմուծեցին իրոք վտանգավոր փոփոխություններ, այդ թվում նաև այնպիսի փոփոխություններ, որոնք պետությանը ոչ թե «ազատում են» կրթությանը ուշադրություն բևեռելուց, այլ պետությունը ուսումնական հաստատությունները համարելով «կարգին հարկատու», թույլատրեց հիմնել ուսումնական հաստատություններ՝ ցանկացած կազմակերպաիրավական հիմքով: