Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/595

Այս էջը հաստատված է

48) Կլինիկական օրդինատոր- բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան, որը շնորհվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց՝ երկուսից մինչև հինգ տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով:

49) Կրթություն- անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար: Կրթությունը պետության, հասարակության կողմից սանկցիավորված և երաշխավորված մարդու սեփականության իրավունքն է, հասարակության անդամների միջև նորմալ փոխհարաբերություններ ապահովող վարքագծի կանոններ, օրենքով չարգելված գործունեություն չծավալելու դեպքում՝ դրա օգտագործման բացառիկ բարիք և ռեսուրս: Այն ունի տիրապետման, հանրօգուտ գործունեության, այդ թվում՝ կառավարման մեջ օգտագործելու իրավազորություն, շուկայից կախված կապիտալ արժեք է, որը մասնագիտական բավարար կրթություն ունեցողին բերում է եկամուտ: Ինչքան ստացած կրթությունը որակյալ է և շուկայի պահանջները բավարարող, այնքան աշխատուժի գինը բարձրարժեք է: Այն անժամկետ և ցկյանս սեփականություն է, չնայած օգտագործելիս ծագում են իրավունքներ և պարտականություններ:

50) Կրթական քաղաքականություն- պետական քաղաքականության տեսակ, ամենալայն առումով իրենից ներկայացնում է կրթության ազգային համակարգի գործառնության և զարգացման ապահովմանն ուղղված պետության բազմաբնույթ ռազմավարական գործունեություն:

51) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում- առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում:

52) Կրթության առանձնահատուկ պայմաններ- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր ու ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը դժվար է կամ անհնարին:

53) Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ- (ԿԿՓԵՀ)՝ համաեվրոպական կրեդիտային համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համեմատելիությունը և փոխանցելիությունը, դյուրացնում է ուսանողների շարժունակությունը ընդհանուր եվրոպական բարձրագույն կրթական տարածքում:

54) Կրեդիտային (չափանիշային) համակարգ- ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, քննությունների նախապատրաստումը, գնահատումը և այլն:

55) Կյանքի դժվարին իրավիճակ- հաշմանդամության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, հիվանդության, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, երկարատև գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերից վերադառնալու հետևանքով մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող:

56) Կրթահամալիր- տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում:

57) Կոնսերվատորիա- բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը