Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/60

Այս էջը հաստատված է

իրավական վարքի կարողություններ և հմտություններ: Այլ կերպ ասած, կրթական գործընթացում կրթության տարբեր մակարդակներում իրականանում է իրավագիտակցության և իրավական մշակույթի ձևավորում ու զարգացում: Այդպիսով, կրթությունը, որպես սոցիալական ինստիտուտ, իր յուրահատուկ տեղն ունի հասարակության իրավական դաշտում անձի իրավական, և վերջին հաշվով, իրավական հասարակության ձևավորման կարևորագույն գործառույթի իրագործման միջոցով:

Երկրորդ, կրթության, որպես սոցիալական ինստիտուտի համար, բնորոշ են տարբեր իրավական ձևերով իրականացվող հատուկ կառավարչական գործառույթներ: Դրան համապատասխան՝ կրթության ոլորտում առանձնացնում են կառավարչական գործառույթի հետևյալ տարատեսակները

ա. իրավաստեղծ գործառույթ,
բ. իրավակիրառման գործառույթ,
գ. իրավապահպան գործառույթ,
դ. իրավապաշտպանական գործառույթ,
ե. հսկողական գործառույթ,
զ. վերահսկողական գործառույթ:

Այսպիսին են կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի առավել բնորոշ գծերը


1.4.2 Հասարակության հոգևոր-բարոյական և սոցիոմշակութային արժեքները և դրանց կապը կրթության հետ

Կրթությունն, իր բովանդակությամբ, իրականացման տեխնոլոգիաներով, ձևերով և մեթոդներով հանդերձ, անքակտելի է հասարակական զարգացման հիմնախնդրից: Լինելով սոցիալական ինստիտուտ, որը գործում է հասարակական, տնտեսական, սոցիալական, սոցիալ-քաղաքական, հոգևոր-բարոյական հարաբերությունների և այլ համակարգերում կրթությունը մասնակցում է դրանց կարգավորմանը և ապահովում թե՛ առանձին մարդու և թե ողջ հասարակության կենսագործունեությունը: Հատկապես մեծ է նրա դերը մարդկանց գրագիտության բարձրացման, քաղաքակրթված լինելու, քաղաքացիականության կայացման, ի վերջո, տնտեսության և սոցիալական ոլորտի ապահովման գործում: Ուսումնական հաստատությունների, մանկավարժների անմիջական մասնակցությամբ կրթական քաղաքականության իրացման և այդ ծրագրեր մշակման և իրագործման գործընթացներին՝ կրթությունը պետական կառույցների, հասարակական միավորումների շարքում նպաստում է հասարակությունում սոցիալական կայունության ապահովմանը:

Մանրբուրժուականության և սոցիալական խմբերի համընդհանուր տեղաշարժը, վարքագծի քաղքենիական կարծրատիպերի, քաղաքական անտարբերության, չափազանցված անհատականության, կենցաղային և հասարակական արժեքների փոփոխման, ազգային մշակույթի անկումը կանխարգելելու և կրթության ձևականացման պարագայում հասարակության մի մասի կամ առանձին հասարակական խմբերի շրջանում ուժեղանում են կրթության և դաստիարակության ոլորտում արմատական դրական փոփոխությունների հասնելու տրամադրությունները:

Այսօր հասարակայնությունն ավելի շատ է գիտակցում, որ տնտեսությունն ինքնին զարգացման միջոց չի կարող հանդիսանալ, եթե համարժեք կրթական ծրագրեր չդասավանդվեն համապատասխան մասնագիտությունների համար: Ցանկացած ոլորտի զարգացում պայմանավորված է գիտելիքների արդիականացմամբ և նորերի ներդրմամբ: Այս ամենում իր որոշակի դերակատարումն ունի բարոյականությունը, ավանդույթները, վարքապահվածքը:

Քանի դեռ բարոյական նորմերն ու սկզբունքներն, արտացոլվելով մարդկանց առօրյա գործողություններում, սահմանում են մարդկանց արժեքային կողմնորոշումներն ուսումնառության ընթացքում և աշխատանքում, արարքներում, վարքում, դրանք հանդիսանում են հասարակական կյանքի տարր: