Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/64

Այս էջը հաստատված է

առանձին գիտահետազոտական հաստատություն։ Ինչ վերաբերում է կրթական հաստատությունների համակարգին, ապա ԵՊՀ և այլ համալսարանների իրավաբանական ֆակուլտետները կամ բաժինները ըստ իրավաբանական ուղղությունների և մասնագիտությունների, իրականացնում են ինչպես մասնագետների /բակալավրների, մագիստրոսների/ պատրաստում, այնպես էլ համապատասխան պատվերի դեպքում՝ իրավաբանների որակավորման բարձրացում ու վերապատրաստում։ Դրանք հայ հասարակության իրավական դաշտի կարևոր տարրերն են։ Անկասկած, այդ տարրերից է նաև կրթության մասին գործող օրենսդրության համակարգը (կրթական օրենսդրությունը), որին մենք հետագայում առաջնահերթ ուշադրության կարժանացնենք։ Կրթական օրենսդրության հետ կապված են երկու կարևոր և մոտ հասկացություններ՝ իրավասություն և պետության իրավասություն, որոնց համառոտ բնութագրումը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նյութի հետագա ըմբռնման համար։

Իրավասության ընդհանուր հասկացության մեջ արտացոլվում է համապատասխան պետական մարմինների կողմից որոշակի ձևի ու իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտերի հրապարակման, դրանց կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման, ինչպես նաև՝ իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական վեճերի լուծման և որոշումների ընդունման լիազորությունների հանրագումար։ Կրթության ոլորտում «կրթաիրավական» իրավասություն հասկացությունն արտացոլում է, հատկապես, հանրապետական, մարզային և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև՝ հենց իրենց կրթական հաստատությունների կողմից նորմաստեղծ, հսկողական-վերահսկողական գործունեության և կրթաիրավական վեճերի լուծման գործունեության յուրահատկությունը։

«Պետության իրավասություն» հասկացությունը, մտնելով միջազգային իրավունքի ճանաչողական գործիքակազմի մեջ, արտացոլում է կոնկրետ պետության դատական և վարչական մարմինների կողմից իրավաբանական հարցերի քննարկման և լուծման իրավունքները՝ խստորեն համապատասխանելով իրենց իրավասություններին։ Տվյալ հասկացությունն իր կրթաիրավական «հանգուցակապում» վերջերս խիստ հրատապ է դարձել, որը պայմանավորված է բազմաթիվ միջազգային կրթական գործընթացներին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ, կրթության ոլորտի կազմակերպություններում բազմաթիվ միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների, հռչակագրերի կնքմամբ և վավերացմամբ։

Հայաստանի իշխանությունների կողմից իր կրթաիրավական իրավասության բովանդակության և իրականացման հարցերը հատուկ սրություն ստացան (և այդպիսով, հայկական կրթական օրենսդրությունը միջազգային կրթական օրենսդրության հետ ունիֆիկացման և ներդաշնակեցման հիմնախնդիրները)՝ կապված ՀՀ-ի Բոլոնյան հռչակագրի ստորագրման /միանալու/ և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ։

Երկրորդ, պետության կրթաիրավական իրավասության տակ գտնվող կրթական հարաբերությունների մասնակիցների՝ սովորողների, մանկավարժական աշխատողների, կրթության ոլորտի մյուս աշխատողների, մասնագիտական և հասարակական կազմակերպությունների ու միավորումների և այլնի հետ, ձևավորվում է առանձնահատուկ «կրթաիրավական» անհատական կամ խմբային գիտակցություն, որը մեծ մասամբ պայմանավորում է նրանց իրավական վարքը կրթության ոլորտում։ Դա հատկապես դրսևորվում է կրթական օրենսդրության կողմից կրթական ոլորտում դասավանդողներին և գիտաշխատողներին ակադեմիական ազատության (ինքնավարության) տրամադրման պայմաններում, ինչպես նաև կրթական գործընթացի կազմակերպման գործում կրթական հաստատության ղեկավարությանը ամբողջական ինքնավարություն տալու մեջ։ Կրթական իրավունքների և պարտականությունների ըմբռնման, համապատասխան իրավական նորմերի մեկնաբանման և կիրառման, դրանց նկատմամբ վերաբերմունքի, ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում պետության կրթական քաղաքականության ու կրթական օրենսդրության ռազմավարության և մարտավարության նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկությունները կարող են հանգեցնել կրթաիրավական վարքի տարաբնույթ տարբերակների, ընդհուպ մինչև հանրապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրության խախտումների: