իրական կախվածությունը քողարկելու համար։
Տվյալ հիմնախնդրի ոչ բավարար տեսական մշակման պատճառներից մեկն էլ հենց իրավունքի աղբյուրի հասկացության բազմիմաստությունը և անհստակությունն է։ Ս. Ֆ. Քեչեկյանը նշել է, /55/ որ «այդ հիմնախնդիրը իրավունքի տեսության մեջ պատկանում է առավել ոչ հստակների թվին»։ Գոյություն չունի ոչ միայն այդ հասկացության համընդհանուր ընդունված սահմանում, այլև նույնիսկ վիճելի է հենց իմաստը, որով «իրավունքի աղբյուր» բառն օգտագործվում է. «Իրավունքի աղբյուրը» պատկերավոր արտահայտություն է, որն ընդամենն ապահովում է դրա հասկացումը, այլ ոչ թե օգնում է հասկանալու այն, ինչ այդ արտահայտության տակ նկատի ունեն»։
Իրականում, իրավունքի աղբյուր ասելով հասկանում են և՛ հասարակության կյանքի նյութական պայմանները (իրավունքի աղբյուրը նյութական իմաստով), և՛ նորմի իրավաբանորեն պարտադիր լինելու պատճառները (իրավունքի աղբյուրը ֆորմալ իմաստով), և՛ նյութերը, որոնց միջոցով մենք ճանաչում ենք իրավունքը (իրավունքի ճանաչման աղբյուրը)։ Բացի այդ, մի շարք հայրենական և արտասահմանյան հեղինակներ առանձնացնում են իրավունքի պատմական աղբյուրները։ Նման բազմիմաստության պայմաններում տվյալ հասկացության օգտագործումը որպես գիտական կատեգորիա կապված է լուրջ խնդիրների հետ։
Անցյալ դարի 60-ականներին մի շարք հեղինակներ առաջարկում էին «իրավունքի աղբյուր» հասկացությունը փոխարինել «իրավունքի ձև» հասկացությամբ, որն իրենց կարծիքով, թույլ էր տալիս իրավունքը հետազոտել ավելի խորությամբ և բազմակողմանիորեն։ Նման դիրքորոշումը չստացավ լայն աջակցություն։ Մասնավորապես, ոլորտային իրավաբանական գիտություններում «իրավունքի աղբյուր» եզրույթը պահպանեց իր իմաստը։
«Իրավունքի աղբյուր» հասկացությունն օգտագործելիս սովորաբար այն սկսել են հասկանալ որպես իրավունքի իրավաբանական աղբյուր (իրավունքի աղբյուր ֆորմալ իմաստով)։ Հետևաբար բավական տարածված է այն ձևը, երբ «իրավունքի աղբյուրներ» արտահայտության մեջ այդ բառերի միջև չակերտներով ավելացնում են «ձևերը» ճշգրտումը։
Գիտական և ուսումնական գրականության մեջ որպես իրավունքի աղբյուրներ ավանդաբար համարում են նորմատիվ իրավական ակտերը, սանկցիավորված սովորույթները և դատական (կամ վարչական) նախադեպերը։ Դրա հետ միասին վերջին տարիներին իրավունքի աղբյուր են համարում ոչ միայն իրավունքի դրսևորման արտաքին ձևը, այլ նաև սոցիալական նախադրյալները (հասարակական հարաբերությունները), իրավաստեղծ սուբյեկտը (պետությունը), դրա գործունեությունը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կազմակերպական ձևերը (կամքի արտահայտման ակտը, իրավաստեղծ որոշումը)։
Առաջացած եզրույթաբանական անհարմարությունները կարելի էր վերացնել «աղբյուր» տերմինն ուղղակի փոխարինելով «իրավունքի ձև» եզրույթով։ «Իրավունքի ձևեր» հասկացությունը պարզաբանելու համար անհրաժեշտ է գոնե ամենաընդհանուր գծերով կանգ առնել փիլիսոփայության մեջ կենտրոնական և ամենաբարդ կատեգորիաներից մեկի՝ «ձև» կատեգորիայի վրա։ Նրան զուգահեռ կատեգորիա է հանդիսանում «բովանդակություն» փիլիսոփայական կատեգորիան (ամբողջի որոշակի կողմ՝ ներկայացված օբյեկտի բոլոր բաղկացուցիչ մասերի, նրա հատկությունների, կապերի, վիճակների, զարգացման միտումների միասնության մեջ)։ Ձևը բովանդակության գոյության, դրսևորման և փոխակերպման միջոցն է։
Տարբերում են երևույթի ներքին և արտաքին ձևերը։ Երբ «ձև» եզրույթն օգտագործվում է բովանդակության ներքին կազմվածքը ցույց տալու համար, ապա այն կապված է կառուցվածքի հասկացության հետ։
Բովանդակության և ձևի հարաբերական միասնության դեպքում առաջինն իրենից ներկայացնում է ամբողջի շարժուն, հարաշարժ կողմը, իսկ ձևն ընդգրկում է առարկայի կայուն կապերի համակարգը։ Երբեմն զարգացման ընթացքում առաջացած բովանդակության և ձևի անհամապատասխանության խնդիրը վերջ ի վերջո լուծվում է հին ձևը «գցելով» և նոր ձևի առաջացումով՝ զարգացող բովանդակությանը համարժեք։
Իրավունքի մեջ ձևի կատեգորիան ընդգրկում է երկու իմաստ՝
ա. իրավական ձև,