Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/72

Այս էջը հաստատված է

դրանց ենթակա հաստատություններին ու կազմակերպություններին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի մասին տեղեկացնելը /դրանք ՀՀ օրենքներն են, ՀՀ Նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները և այլն/։ Նման ակտերի ստեղծումը լայնորեն կիրառվում էր նախկին ԽՍՀՄ-ում՝ կապված այն բանի հետ, որ ԽՍՀՄ-ի Նախարարների խորհրդի նորմատիվ որոշումների զգալի մասը ոչ միայն չէր զետեղվում պաշտոնական հրատարակության աղբյուրներում, այլև բաժանվում էր պետական մարմիններին ընդամենը մի քանի օրինակներով։ Ստանալով նման ակտ՝ նախարարությունը և գերատեսչությունը պետք է դրա մասին տեղեկացնեին բոլոր կատարողներին, ովքեր մտնում էին տվյալ նախարարության, գերատեսչության համակարգի մեջ։ Այդ նպատակով նախարարը, գերատեսչության ղեկավարը հրապարակում էին հրաման, որն սկսվում էր այսպես. «Հաշվի առնելով ԽՍՀՄ-ի Նախարարների խորհրդի պարտադիր որոշումը /հաջորդիվ բերվում էին նրա տվյալները/, որով հաստատվում է, որ ...»: Այնուհետև բառացի բերվում էր որոշման տեքստը։ Սրանք պարզապես տեղեկատվական ակտերի տարատեսակ են, որոնք թեև հաստատվում են որպես գերատեսչական, բայց չունեն գերատեսչական ակտի ուժ։ Նրանցում բացակայում է փոխանցող մարմնի սեփական կամքը, որը ոչ մի դեպքում հնարավոր չէ վերագրել ուղարկող մարմնին, այլ վերջինս ընդամենը իրականացնում է տվյալ ակտերի մասին տեղեկատվությունը փոխանցելու գործառույթ։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է, որ իրավական ակտը ՀՀ ժողովրդի, ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ՝ վարքագծի կանոններ)։

Իրավական ակտը կարող է ունենալ ժամանակավոր կամ մշտական բնույթ, կարող է նախատեսված լինել մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար։

Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ)։ Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված՝ ՀՀ ժողովրդի, ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը։

Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ։

Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաև նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը /նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում/։

Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով։ Իրավական նորմն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ ՀՀ ժողովրդի, ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակում ընդունած վարքագծի կանոնն է, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և պարտադիր է անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար։

Անհատական ակտ է իրենց լիազորությունների շրջանակում իրավասու մարմինների ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է