Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/76

Այս էջը հաստատված է

և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.

5) նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին.

6) խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.

7) իրականացնել հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին.

8) նպաստել անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը.

9) նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը.

10) իրականացնել ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն.

11) նպաստել ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը.

Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել սույն հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:

Իհարկե, ՀՀ արական սեռի քաղաքացիները պարտավոր են նաև պարտադիր զինվորական ծառայություն անցնել, իսկ բոլոր քաղաքացիները պաշտպանել՝ ՀՀ Սահմանադրությունը և հայրենիքը:

ՀՀ Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով: Հանրաքվեն պետական և հասարակական կյանքի որևէ կարևոր հարցի համաժողովրդական քվեարկությունն է: Այն չպետք է շփոթել համաժողովրդական քննարկումների հետ, որը հանրաքվեի հնարավոր, բայց ոչ պարտադիր փուլ է: «Պլեբիսցիտ» (լատիներեն plebiscitum, plebs - հասարակ ժողովուրդ և scitum - որոշում, հարցում) հասկացությունը որոշակի իմաստով հանդես է գալիս որպես հանրաքվեի հոմանիշ: Հանրաքվեի ակտը իրավունքի ժողովրդավարական ձև է: Բայց դա հիմք չի տալիս այն դիտարկելու որպես յուրաքանչյուր և ցանկացած պայմաններում օպտիմալ որոշումների կայացման լավագույն միջոց:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հոդված 35-ի համաձայն, Կենտրոնական հանձնաժողովն ամփոփելով հանրաքվեի արդյունքները, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը,

1) հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին

2) հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին

3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 8.1-րդ հոդվածով սահմանված հանրաքվեի արդյունքները համարվում են դրական (ընդունված), եթե դրան կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում կենտրոնական հանձնաժողովի կամ սահմանադրական դատարանի՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշումը հրապարակվելուց հետո, նախագծերը հնգօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու պահից:

Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Բնորոշելով համապետական հանրաքվեի դերը, անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ այն բացառիկ միջոց է և նրա հետ պետք է զգույշ վերաբերվել: Այն դժվարին հարցերի կարգավորման միջոց է հանդիսանում, որոնք չեն կարող լուծվել խորհրդարանական ճանապարհով: