Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/77

Այս էջը հաստատված է

3.2.3. Սոցիալական, այդ թվում՝ կրթական և իրավական ուսմունքները որպես կրթական իրավունքի աղբյուր


Սոցիալական /այդ թվում՝ կրթական/ և իրավական ուսմունքների դերը որպես իրավունքի կենսական աղբյուր արտահայտվում է այն բանում, որ դրանցով ստեղծում են հեռահար համալիր նպատակներ, գաղափարական ձգտումներ, հասկացություններ և կառույցներ, որոնցից իրավաստեղծ մարմինն օգտվում է /տե՛ս առաջին բաժինը/: Հենց իրավաբանական գիտությունն է մշակում իրավունքի հաստատման, մեկնաբանման և իրականացման ձևերը և մեթոդները: Ի հավելումն դրան, իրավունք ստեղծողներն իրենք չեն կարող ազատ լինել իրավական, սոցիալական /կրթական/ ուսմունքների /դոկտրինների/ ազդեցությունից՝ քիչ թե շատ գիտակցաբար, բայց նրանք ստիպված են կանգնել այս կամ այն իրավաբանական հայեցակարգի կողմում, ընդունել դրա առաջարկությունները և հանձնարարականները:


3.2.4. Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենքները

Կրթության մասին ՀՀ օրենքները կարգավորում են կրթության բնագավառի առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերությունները, որոնք ընդունվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան և չպետք է հակասեն ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին:

Օրենքով կարող է կարգավորվել ցանկացած՝ այդ թվում կրթական հարաբերություն:

Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում

1) կրթության սուբյեկտների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.

2) նրանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, կրթության սուբյեկտների գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ոաումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները կարգը.

3) ուսումնական հաստատություն ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.

4) կրթական ոլորտի սուբյեկտներին աշխատանքային, վարչական, տնտեսական (գույքաին), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները.

5) Կրթության ոլորտի ֆինանսավորման պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.

6) Կրթական ոլորտի ՀՀ միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.

7) Կրթական ոլորտում գործող հասարակական միավորումների իրավական կարգավիճակը.

8) Կրթական ոլորտի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ կրթական հաստատությունների համար սահմանվող տեխնիկական նորմեր (շինարարական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ: Ժամանակի ընթացքում կընդունվի նաև ՀՀ կրթության մասին օրենսգիրքը, որը կդառնա իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգած և կանոնակարգած ձևով շարադրված օրենք: