Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/78

Այս էջը հաստատված է

Այս դեպքում արդեն ՀՀ կրթական օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում ՀՀ մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեցվեն ՀՀ կրթության մասին օրենսգրքին:

Սահմանադրությունից /իսկ սոցիալական և նրա բաղադրամասը կազմող կրթական ուսմունքն ընդունելուց հետո/ հաջորդ, բարձրագույն իրավական ակտեր հանդիսանում են ՀՀ օրենքները, որոնք ընդունվում են ԱԺ կողմից: Դրանցից հիմնարար է համարվում՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը /1999թ/ սահմանում է կրթության ոլորտում իրավական կարգավորման ելակետային, առաջնային նորմերը: Դրա նորմատիվային դրույթները լրացվում և կոնկրետացվում են այլ օրենքներով: Առավել նշանակալի օրենքների թվում, որոնք ընդունված են կրթության հարցերի վերաբերյալ, կարելի է նշել.

ա/ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը/1996թ./,

բ/ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքը /2001թ./,

գ/ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը /2002թ./,

դ/ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը /2004թ./,

ե/ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը /2005թ./,

զ/ «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը /2005թ./,

է/ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը /2005թ./,

ը/ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը /2005թ./,

թ/ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը /2009թ./: /Օրենքների թվարկումը շարադրված է ըստ ընդունման ժամանակի /Ա.Ե./:

Օրենսդիր մարմինն ու մանկավարժական հասարակայնությունը հատուկ նշանակություն են տալիս գործադիր մարմնի կողմից թվարկած օրենքների իրացմանը, որոնք միս և արյուն են ստանում կրթության զարգացման հանրապետական ծրագրերով, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրին՝ որը հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 10 արձանագրային որոշմամբ, կամ ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագիրը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ: Սակայն կրթության ոլորտի բոլոր անհրաժեշտ ՀՀ օրենքների ընդունման հարցերը դեռևս ավարտված չեն: Մի շարք ՀՀ օրենքներ դեռևս այս կամ այն պատճառներով ընդունված չեն: Մեր կարծիքով, դրանք մասնավորապես պետք է լինեն «Ուսումնական հաստատությունների հավաստագրման և գործունեության մասին» ՀՀ օրենքը, «Հիմնական ընդհանուր կրթության պետական կրթական ստանդարտի մասին», «Լրացուցիչ կրթության մասին», «Կրթության պետական ատեստավորման մասին» ՀՀ օրենքները /թեև դրանց մի շարք դրույթներ ներառվել են կրթական ոլորտի տարբեր աստիճանների օրենքներում/:

Կրթության իրավունքի միակ ձևական աղբյուրը կրթության մասին օրենքներն են: Սա նշանակում է, որ կրթական տարբեր աստիճանների օրենքները կրթաիրավական նորմերի կեցության միակ ձևերն են: Կրթաիրավական նորմեր պարունակվում են միայն կրթական օրենքներում /օրենսգրքում/: Ոչ մի այլ օրենք կամ այլ իրավական ակտ չի կարող կրթաիրավական իրավա-հարաբերություն պարունակել: Հնարավոր են իրավիճակներ, երբ պետական իշխանության ներկայացուցչական բարձրագույն մարմինն ընդունի որևէ օրենք, որն իր մեջ կրթաիրավական նորմ է պարունակում: Սակայն այդ նորմը չի կարող ինքնուրույն գործել այնքան ժամանակ, քանի դեռ որպես փոփոխություն կամ լրացում ընդունված չէ կրթության որևէ օրենքում /օրենսգրքում/: Նման մոտեցումը նպաստում է օրինականության ամրապնդմանը, կրթական օրենսդրության միասնականացմանը /հետևաբար, իրավակիրառողների համար հեշտացնում է նորմատիվ նյութից օգտվելը, բարելավում հասարակության տեղեկատվությունը/: