Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/87

Այս էջը հաստատված է

օրենսդրությունները նախատեսում են, որ օրենքի «լռության դեպքում» դատավորները կիրառում են «առավել գերադասելի» Աբու Խանիֆի /59/ եզրակացությունները և մեկնաբանությունները: Եղել են ժամանակներ, երբ կրոնական տրակտատները ևս իրավունքի ձև են հանդիսացել:

Հետաքրքիր է նշել, որ անգլիական դատարաններում որոշ դատական որոշումների ընդունման դեպքում մինչ օրս կարելի է հանդիպել առանձին իրավարանների գիտական աշխատանքներին արված հղումներ, չնայած որպես «իրավունքի աղբյուր» դրանք արդեն չեն ընկալվում: Այդ հղումները բերվում են որպես լրացուցիչ փաստարկում, դատավորի կամքի ձևավորման տարր, դատարանի դատավճռի կամ որոշման շարժառիթների /մոտիվացիայի/ մաս:

Հայաստանյան իրավաբանական գիտությունն ունի մեծ նշանակություն իրավական պրակտիկայի զարգացման, օրենսդրության կատարելագործման, օրենքի ճիշտ մեկնաբանության համար: Բայց դատական և վարչական ակտերը հղումներ չեն անում գիտնական-իրավագետների աշխատություններին: Սա միահեծանական պետական համակարգի՝ մեր մեջ արմատացած ևս մեկ վնասակար հետևանք է, երբ միայն պետական իշխանության ակտերն ուժ ունեին, իսկ մնացած փաստաթղթերը և աղբյուրները դասվում էին օժանդակ և ոչ էականների կարգին: Համաշխարհային փորձը վկայում է, որ իրավական ուսմունքի /դոկտրինի/ կարևորությունը, որպես իրավունքի ֆորմալ աղբյուր ընկնում է, բայց դրա դերը, որպես իրավաձևավորման ոչ ֆորմալ տարր, աճում է:

Մինչև օրս հայկական իրավունքի տեսությունը բացառում է դատական նախադեպը դիտել որպես իրավունքի, այդ թվում՝ կրթականի աղբյուր: Որքան էլ որ խորհրդային իրավունքի տեսությունը և ներկան չեն ընդունում դատական նախադեպի դերը, իրական կյանքում դրությունն այլ է:


3.2.14. Նորմատիվ պայմանագիրը /համաձայնագիր/ որպես կրթական իրավունքի աղբյուր

Նորմատիվ բովանդակության պայմանագրերը համատեղ իրավաբանական ակտեր են, որոնք արտահայտում են իրավաստեղծ մարմինների կամքի փոխադարձ արտահայտումը, իրենցից յուրաքանչյուրի վրա իրավաբանական պարտավորությունների փոխադարձ ստանձնումը: Դրանք այնպիսի փաստաթղթեր են, որոնք բովանդակում են կողմերի կամքի արտահայտումը՝ իրավունքների և պարտավորությունների հետ կապված, սահմանում են դրանց շրջանակը և հաջորդականությունը, ինչպես նաև՝ ամրագրում են ընդունած պարտավորությունները կատարելու կամավոր համաձայնությունը: Դրանք լայն տարածում ունեն սահմանադրական, քաղաքացիական, աշխատանքային, էկոլոգիական և այլ իրավունքներում:

Պայմանագիրը «իրավունքի աղբյուր» ճանաչելու համար հարկավոր է, որպեսզի այն բովանդակի իրավաբանական նորմեր: Սովետական իրավունքի նորմատիվ բովանդակության պայմանագրի պատմական օրինակ կարող են լինել Անդրկովկասյան խորհրդային հանրապետություների կրթության մասին պայմանագիրը (1922 թ.), ԽՍՀՄ պայմանագիրը կրթության մասին (1922 թ.), դաշնային պայմանագիրը (Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության դաշնային մարմինների և Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների իշխանությունների մարմինների միջև լիազորությունների և վարման առարկաների սահմանազատման մասին պայմանագիրը (1992 թ.) և այլն:

Կոլեկտիվ պայմանագրերը շարունակում են կարևոր դեր խաղալ նաև աշխատանքային իրավունքի ոլորտում. ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 45-ի համաձայն, կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) և աշխատողների ներկայացուցիչների կամ գործատուների միության և արհեստակցական միության, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև ՀՀ կառավարության միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է կրթության ոլորտի աշխատողների և գործատուների միջև աշխատանքային հարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրերը երկկողմ են, բացառությամբ