Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/103

Այս էջը սրբագրված է

Ինչպես ցույց են տալիս պատմագիրներից շատերը, Հայոց տառապանքները շարունակվեցին մինչև Զամասպի, Կավատի և Խոսրով թագավորի ժամանակները։ Հայոց նախարարները ծանր պարտավորություններ էին կրում՝ տալիս էին զորք, մասնակցում կռիվներին։

Բայց Վաղարշի ժամանակ երիտասարդ Վահան Մամիկոնյանը խիզախեց պարսիկների դեմ։ Նա իր մոտ հավաքեց հայոց նախարարներին, սուրբ Ավետարանի վրա կապեցին սրբազան ուխտ, որով անկեղծ ու աննենգ տիրասիրությամբ ցուցաբերելու էին հնազանդություն և սեր դեպի իրենց իշխանը, մինչև որ արյունոտ նահատակությամբ վրեժ կառնեին պարսից հրոսակներից՝ Հայոց եկեղեցիների ավերման, քրիստոնյաներին, սուրբ եկեղեցու զավակներին պատճառած նեղությունների, հափշտակությունների և սաստիկ արյունահեղությունների համար:

Նույն այդ ժամանակ պարսից Հազարավուխտ զորապետը ծանր զորքով շարժվեց Հայաստան՝ պատերազմելու Հայոց զորքի դեմ, ավերելու, գերելու, թալանելու երկիրը։ Այնինչ սուրբ Վարդանի մեծ պատերազմից հետո սկսել էին նորոգել Քրիստոսի եկեղեցիները, որ ավերել էին հրոսախմբերը: Հազարավուխտն ասպատակներ սփռեց այլևայլ կողմեր, ապա վերցրեց պարսից թագավորների օգտագործած ընտիր այրուձին՝ կորովի պատերազմողներին և շարժվեց Հաշտյանքի ու Ծոփքի կողմերը՝ Վահանի վրա։

Քաջն Վահանը տեղեկացավ, որ Հազարավուխտը պարսկական մեծաքանակ և ընտրովի զորքով գալիս է իր վրա: Նույն ժամանակ Վահանը անմիջապես խրախուսվեց աստծուց և քաջալերող ձայնով ասաց Հայոց նախարարներին. «Հապա', քաջեր, զենքի դիմեք, նստեք ձիերը և արիաբար մարտնչեցեք, մի երկնչեք նրանց զորքի մեծաթվությունից։ Տերը կխորտակի թշնամիներին, պատերազմը տիրոջն է, տերը կտկարացնի հակառակորդներին, տերն է մեր հույսը»։

Նույն ժամին [հայերը] զինավառվեցին, յուրաքանչյուրը հեծավ իր ձին և շարժվեցին նրանց դեմ։ Սակայն երբ տեսան պարսից զորքի մեծաթվությունը, վհատվեցին, լքեցին միմյանց և ետ ընկրկեցին։ Քաջ Վահանի հետ մնացին միայն երեսուն հոգի՝ Մեհրշապուհ և Հաշկուր Արծրունիները, Ներսեհ

- 103 -