Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/127

Այս էջը սրբագրված է

ու Գրիգորն իրենց զորագնդերով Արծրունյաց տոհմից նաև Վահանը, Վասակը, Մուշեղը, Ապուպելճը, Գուրգենը, Վասակը, Ապուջափրը, Մուշեղը, Ապումայան, Վասակը, Վահանը, Համազասպը, Գրիգորի որդի Վասակը, Ապումկդեմը, Մեհրուժանը, Գրիգորը: Բոլոր այս 16 այրերը իրենց զորքով Արծրունյաց տոհմից էին: Իսկ Բագրատունյաց տոհմից՝ Թոռնիկի որդին իր զորքով, Ամատունյաց տոհմից՝ Շապուհն իր ութ ազգականներով ու իրենց զորքով, Գնունյաց տոհմից՝ Հազրի որդի Գրիգորն իր վեց ազգականներով և իրենց զորքով, Ընտրունյաց տոհմից՝ Արտավազդը՝ 7 ազգականներով ու իրենց զորքով, նաև Վասպուրականի իշխանի նախարարներից ուրիշներ՝ Սմբատ Ապահունին, Գրիգոր Քաջբերունին, Վահան Հավնունին, Դավիթ սեպուհը, Գազրիկ[յան] Ապուհարազը, Թոդորոս Վարազխը, Խոսրով Վահևունին, Խոսրով Ակեացին, Վարդան Գաբայեղենը, Սմբատ Մարացյանը, ինչ-որ Սահակ Սեպուհ, Պատրիկ Անձևացին, Գորգ Հարմացին, Դավիթ զորապետը և շատերն ազատ տներից։ Յուրաքանչյուրն իր զորքով շարժվեց այնտեղ։ Մինչդեռ նրանց զորքերը կռվում էին արդեն միմյանց դեմ, հնչում էին փողերը, ծածանվում դրոշները, գոռում գոչում էին վահանավորներն ու նիզակավորները, այրուձին այս ու այն կողմ էր նետվում, ախոյանները հարձակվում էին, կապարճակիրները նետեր էին տեղում։

Այսպիսի մարտ էր բռնկվել, երբ վրա հասավ մեր քաջ Աշոտը։ Ապա միանգամից, հախուռն ու հանդուգն հարձակմամբ դիմեցին այլազգիների վրա, միմյանց ընդհարվեցին և յուրաքանչյուր այր գետին գլորեց իր ախոյանին։ Աշոտ Իշխանն աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, ինչ-որ մեկը հարվածեց իր զորականներին։ նա գոչեց առյուծաբար և հարձակվեց ընտիր այրուձիի վրա, ջարդեց նրա աջ թևը, ապա հարձակվեց ձախի վրա։ Բոլորին սրի ճարակ դարձրին ։ Խիզախեցին, որպես կտրիճներ, ձայնեցին ինչպես արծիվներ ու առյուծի կորյուններ և վրա հասան ու պատառոտեցին որսը։ Հույժ հանդուգն հարձակման հետևանքով ավելի շատ սպանեցին ձիերի սմբակների տակ դիաթավալ անելով, քան սրով։ Թշնամիների կողմից չգտնվեց մեկը, որ ի զորու լիներ ընդդիմակայել նրանց։ Սրից փրկվածները փախան անտառների ապահով տեղերը։ Նրանց կեսը հասավ շահաստան

-127-