Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/133

Այս էջը սրբագրված է

այս ժողովրդի սիրտը։ Մինչև որ քաղաքները զրկվեն բնակիչներից և տներն ամայի մնան մարդիկ չլինելուց։ Դարձյալ իմ ժողովուրդը գերության կմատնվի տիրոջը չճանաչելու համար։ Բազմաթիվ կլինեն նրա դիակները հացի սովի և ջրի ծարավի պատճառով»:

Արդ մյուս տարի՝ վեցերորդ Հոբելյանին, 72-րդ օլիմպիադային, 20-րդ ինդիկտիոնին և Հայոց թվականության 300 (851)-ին թագավորն իր սինկղիտոսների և բաբելացի բոլոր մեծամեծների հետ հաստատ նպատակադրվեց Հայոց աշխարհի իշխաններին զրկել իրենց իշխանությունից, որպեսզի խլեն նրանց ժառանգությունը։ [Կամեցան] ամենից առաջ ձեռք գցել Աշոտին՝ իր տոհմի հետ և Բագարատին ու իր տոհմին։ Որովհետև ասում էին՝ «Եթե նրանց վերացնենք մեջտեղից, ոչ ոք չի կարող ընդդիմակայել մեզ»։

նույն այդ ժամանակ արքան գումարեց զորք ընտիր հեծյալներից, զորեղ այրերից, զորքով ու զորապետներով և տվեց ինչ-որ Հովսեփի, Ապուսեթի որդու ձեռքը։ Նա ստացավ Հայոց աշխարհը, փոխանակ հոր՝ Ապուսեթի, որովհետև սա մահացավ ճանապարհին, Ասորեստանի կողմերում: Մտավ հայերի երկիրը, որպեսզի, ինչպես մտադրվել էին, տանջեն նրանց։ [Արքան] ասաց նրան. «Եթե քեզ հաջողվի մեր խորհածը հայերի ու նրանց իշխանների վերաբերյալ, կկատարվեն մեր իղձերն ու ցանկությունները, և [եթե] դու կարողանաս Հայոց իշխաններին, մանավանդ Վասպուրականի Աշոտ իշխանին մեզ մոտ հասցնել կապանքներով, այդ երկիրը կտամ քեզ և քո զավակին ի ժառանգություն։ Ուրեմն փութա՜, պինդ կա՜ց, հասի նրանց ետևից, մի՜ տատանվի ու թուլանա այդ գործում»։

Այնժամ զորապետը մեկնեց նրա մոտից և լցվեց չար դիտավորություններով ու հնարիմացությամբ։ Ատրպատականի կողմից մտավ Վասպուրական երկրի Աղբակ գավառը և բանակեց Արծրունյաց ոստան Ադամակերտում։ Այնտեղից սկսեց ասպատակներ սփռել, ավարի մատնել և ագահաբար իր մոտ հավաքել երկրից կողոպտածը։ Նա ձևացավ բարեկամ ու խաղաղասեր և արքունի հարկերի պատրվակով իր մոտ կանչեց [Աշոտ] իշխանին։ Բայց արաբները

-133-