Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/136

Այս էջը սրբագրված է

քաղաքը: Այդտեղ էր ամրացել արաբների զորապետը, նման ծերացած արջի, որը ձմեռ ժամանակ անվում է արմտիքներով և անցնելով կենաց ու մահվան միջով, որջանում իր բնում: Իսկ երբ փչում է հարավային քամին, սփռում երկրի վրա իր ջերմության զորությունը, զվարթացնում է հողի տակ մնալուց և հյուսիսային սառնաշունչ օդից ընդարմացած արմատներն ու բույսերը։ Գարնանը՝ գիշերահավասարին որջացած գազանները, թռչունները, երբ զգում են օդի ջերմությունը, դուրս են գալիս յուրաքանչյուրն իրենց բներից։ Եվ շատերը, նույն ժամանակ սատկում են, իսկ մի մասը դյուրությամբ բռնվում է որսորդներից: Կենդանի մնացածները, սաստիկ վնասներ են հասցնում ում որ հանդիպեն, թե՜ մարդկանց և թե՜ ուրիշ կենդանիների: նույն ձևով այն մարդը՝ Հովսեփը, արաբների զորապետը սպասում էր ձմեռն անցնի, որպեսզի հարձակվի Հայոց երկրի վրա, սրածությամբ, գերեվարությամբ ու մեծ-մեծ հարվածներով երկրի մեծամեծներին գերության տանի, երկրում նշանակի գործավարներ, որոնք իրենց հրամաններով պիտի հորինեին երկրի կարգերը և իրենց ընտանիքներով հանդերձ նստեին Հայաստանի ամրոցներում:

Այն Ժամանակ լեռան բնակիչները, երբ տեսան, որ իշխանին տարան ի գերություն, և իրենց ևս սպասում են նույն փորձությունները, ինչ կրեցին դաշտեցիները, եկան միասին Խութի մեկնազենների բազմությունը, ձմեռային կարիքների համար ձեռք բերած արհեստի իրենց միջոցներով։ Նրանք վերցրել էին իրենց նիզակները, որ միշտ կրում էին, ի զգուշություն անտառներում որջացած գազանների կամ իրենց վրա հարձակվող թշնամիների։ Հարձակվեցին [Մուշ] քաղաքի վրա, պաշարեցին այն, զորքը մատնեցին սրի, արգելանոցից հանեցին Վասպուրականի պատանդներին, արձակեցին գերիներին և բաժանեցին իրենց մեջ ավարը։

Բայց ինքը՝ կարծեցյալ մարզպանը փախավ ընկավ մեծ եկեղեցին, որ հանուն Փրկչի մեծ ծախսով՝ 300 հազար [դահեկանով] կառուցել էր Բագարատ իշխանը։ Եվ այն ժամանակ նա սարսափից դողահար թաքնվեց գմբեթում։

-136-