Այս էջը հաստատված է
Երկինք ելավ, թև ու փետուր
Գզգզած։
Ու մեր հպարտ
Աքլորն անդարդ
Նանի համար մի ցավալի
Վայ դառավ,
Գնաց սատկեց՝ շան ու գելի
Փայ դառավ:
ԳՈՂ ՔՈԹՈԹԸ
1
Մի օր մեր շան
Գող քոթոթը՝
էն կլանչան
Բրդբրդոտը,
Սիրտ է անում,
Նանից թաքուն,
Ներս է մտնում
Մեր հավաբուն։
Ներս է մտնում ու մի հանգով
Հավանոցի թառի թակով
Դունչ է մեկնում բնակալին։
Հենց կպչում է մեջքը թառին՝
Հանկարծ թաոը դրնգալի
Նրա գլխին փուլ է գալի։
Ա՜յ քեզ փորձանք...
է՜լ չպրծանք...
2
Ձվի նստած Փոմփոխ հավը
Դուրս է վազում կչկչալով,
Գող քոթոթի էս համբավը
Բակի միջին հարայ տալով։