Այս էջը հաստատված է

Ջուխտ աչքերով
Հավկուրանաս,
Ոտիդ վրա
Չոփ չորանաս,
Ու մի տաք-տաք
Կարմիր գնդակ
Դիպչի դնչիդ
Այ շանսատակ։

Ախր մեկը, երկուսը չի,
Դիփ խեղդոտել,
Ճիվ-ճվատել,
Արենճեճեխ գզգզոտել,
Մահ ես արել,
Հայդե՜, կորել...

Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ քեզ,
Աղուն աղվե՜ս,
Մաղում մաղվե՜ս,
Կրակին դաղվես,
Ա՜յ փուչ աղվես,
Ոնց որ դու ինձ
էսպես ղինջ—ղինջ
Արիր ու պո՜ւկ,
Կորար ծածուկ...
Գնալդ ըլի,
Գալդ չլի,
Ա՜յ գրողատար,
Քոփակ քավթառ։

Ու պառավը՝ ճչապատառ,
Առավոտվա բարի լուսին՝
Ղնջղնջալով, դեռ անդադար,
Անիծում էր գող աղվեսին։