Այս էջը հաստատված է
Գութանը դո՛ւ կքաշես,
Մաճկալդ էլ կլեմ ես,
էն գլխիցն՝ էս գլուխ
էս փեշակն է պահել մեզ։
Արի՛ գնանք, վար անենք,
Համ վար անենք, համ ցանենք,
Դառը քրտինք թափելով՝
Մեր ցավերին ճար անենք։
Դո՛ւ լավ գիտես, եզը ջան,
Ո՛չ խոտ ունես, ո՛չ դարման,
Ո՛չ էլ մերոնք ուտելու՝
Չոր հաց ունեն էգուցվան։
Ամբարներս դատարկ են
Ո՛չ գարի կա, ո՛չ ցորեն,
Մերոնց բերնից կտրելով՝
Հետ եմ գցել սերմորենք։
Արի՛ գնանք, ախպեր ջա՜ն,
Համ վար անենք, համ էլ ցան,
Պարապ-սարապ մնալուց՝
Ձեռն ու ոտս թուլացան։
(Կիրակնամտին)
Կիրակնամուտ էր, արևն ուժասպառ
Իջնում էր խաղաղ մեծ սարի ետև,
Եվ վերջալույսի շողքը բոցավառ
Նրա ետևից մարում էր թեթև։