Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/100

Այս էջը հաստատված է

75

***

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ, դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում...

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Լույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

1912