Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/106

Այս էջը հաստատված է

2

ՄՈՌԱՑՎԱԾ ՈԻՂԻ

Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին —
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին:

Կար մի դյութական ուրիշ ժամանակ,
Երբ նրա կանչի հրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու...
Կար մի դյութական ուրիշ ժամանակ...

Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։