Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ.
Դառը թախիծ ու վերհուշ —
Անվախճա՜ն երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ,—
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար.
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս...