Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/11

Այս էջը հաստատված է

«O՜h, մի օրենք լիներ, որ այդ անտաղանդներին գրելն արգելեր»,— զայրացած ասել է Չարենցը: «Դժվար է, դժվար է այդ կատարելության հասնելը: Հնարավո՞ր է, հա՞,— հարց էր տալիս հաճախ Տերյանի մասին խոսելիս։ Եվ, աչքերը կկոցելով, բացասաբար շարժում էր գլուխը։— Հապա էլ ինչի՞ են աշխատում կրկնել նրան աղավաղված ձևով»։

Տերյանը մեր գրականության ամենամեծ սիրերգակներից է:

Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին...


Այսպես է ասել նա իր մասին։ Եթե գեղեցիկը կյանքն է, իսկ սերը, ինչպես գրել են, «կյանքի պոեզիան ու արևը», ապա ինքնին հասկանալի է, որ ոչ կյանքը առանց արևի կլինի, ոչ էլ պոեզիան առանց սիրո։ Տերյանի «սրտի լարերից», իհարկե, միայն սիրո լարը չի մնացել, բայց այդ լարը նրա քնարի «ամենաբանուկ» լարերից է, ամենից շատ հնչողներից։ Սերը Տերյանի պոեզիայում աստվածացված է, այն հզոր է մահվանից, նրա բացասումն է, ժխտումը և ինքնահաստատումը՝ «սիրո կանչով կանչիր ինձ և կարթնանամ ես»։ Ասել են (և մեծերը), թե սերը ունի իր պերճ գարունը, կիզիչ ամառը և աշունը։ Եթե աշնան մասին խոսքը նյութով քիչ հիմնավորված լինի (թեև կյանքի աշնան և սիրո աշնան ժամանակների տարբերությունները թույլ են տալիս Տերյանի նաև սիրո աշնան մասին խոսել), ապա գարունը և ամառը շատ են բեղուն, բազմազան ու հարուստ։ Տերյանի սիրո քնարը մեծ առաջընթաց է ապրել՝ պատանեկան սիրո ռոմանտիկ թոթովանքներ, ցնորքների դիցուհուն ու հրաշք աղջկան նվիրված երազային սիրո երգեր (դա է հիմնականը պոետի համար), ցնորքների հիասթափությունից ծնված ախտաբորբոք մեդուզա-կին (շատ կարճատև ու վաղանցիկ), վերադարձ դեպի անբիծ ու մաքուր, բայց արդեն իրական կնոջ թովչանքները։ Ապա հետևում են հրաբորբոք տրիոլետները, «Կատվի դրախտ»-ը, փողոցային պչրուհիներին նվիրված երգը, «չնչին խոսքերով» արտահայտվող «անխարդախ ու խոր» «գեղջկական» սերը («Լինեի չոբան...»), մինչև «հրեղեն ու անարվեստ» հայացքով բարակիրան, տխուրաչյա ու համեստ լեռնադստեր սիրո, «նաիրական սիրո» պանծացումը։

Տերյանի ողջ քնարերգությանը հատուկ անսահման մեղմությունը, քնքշությունը և նրբությունը (հիշենք հայտնի տողերը՝ Այնքան քնքշություն կա սրտում իմ, Այնքան մեղմություն իմ հոգում) ամենից լիակատար արտահայտություն են գտել նրա սիրերգներում։ Խիստ բնորոշ է Տերյանի ժողովածուները բացող «Տխրություն»-ը։ «Քնքուշ մութի թևի» նման սահուն քայլերով ու հովի պես թեթև անցնող անուրջ կույսը ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյում է, սիրո քնքուշ խոսքն էլ շշնջում արձակ դաշտերի ամայության մեջ նիրհող դաշտերին: Տերյանի «ցնորքների դիցուհու» «կառուցվածքի» մեջ իսկ հիմնականը շողերն են, անառարկայական, աննյութական «նյութերը»։ Նա «կախարդ լուսնի հրապուրող շողի» պես է, նրա ժպիտը «մեղմ է ու դողդոջ», գալիս է «մեղմ, համրաքայլ, որպես քնքուշ իրիկվա փայլ» և վերջապես՝ հայտնվում է «իրիկնաժամի կիսախավարում, կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն»։