Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՞ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Եվ անցյալի խաբեական ցընորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չըկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։
Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել,—
Ի՞նչ խոսքերով, ի՞նչպես երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։
Էլ ի՞նչ հուսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ։
Անցե՜ք, հուշեր իմ ապարդյուն, դարձե՛ք ընդմիշտ մոռացված էջ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնությո՜ւն իմ հոգու մեջ։