Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում,
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում․․․
Ցուրտ է աշխարհն ու աղոտ,
Աշո՜ւն, անձրև՜ ու մշուշ,
Սևավոր են ու ցավոտ
Եվ մտածում և վերհուշ...
Դուրս եմ գալիս ես փողոց,
Շրջում անվերջ ու տրտում․—
Բացված է մի թունոտ խոց,
Մի մութ շիրիմ իմ սրտում։
Մի կանչեք ինձ, հույսի նոր
Խոսքերով ինձ մի դյութեք,
Թող իմ կյանքը մենավոր
Պատե անանց մութ ու մեգ...
Համր է երկիրն ինձ համար,
Եվ ցուրտ և լուռ և ունայն,
Հոգիս անհույս ու խավար,
Սառը, որպես գերեզման...
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում.—
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում...