Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն —
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ...
Հիշում (եմ նորից օրերս մեռած,
Տխրություններս անուշ ու անբիծ
եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր — ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ հավիտյան չկա...