Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա. և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...