Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/17

Այս էջը հաստատված է

ազգային բանաստեղծը հավաստում էր, որ Տերյանի երգած «թախիծն ու երազները մշուշն ու աղջամուղջը» հարազատ են «մեր երկրին ու մեր հոգուն»։ Շարունակելով այս միտքը և ի պատասխան տերյանամերժ գրականագետների, Թումանյանը Տերյանին հռչակեց ոչ միայն ազգային մեծ գրող, այլև հայ պոեզիայի գալիք օրն ուղենշող բանաստեղծ։ «Ցանկանում են,— ասել է նա 1914-ին,— որ բարգավաճեր մեր նորագույն գրականությունը: Բայց ահա ձեր առջև նստած է մեր նորագույն բանաստեղծության փայլուն ներկայացուցիչը — Վահան Տերյանը, որի երգերը կարող ենք պարծանքով հանել ռուսաց նորագույն բանաստեղծներից ամենալավերի դեմ և որին հրճվանքով ողջունում եմ Հայոց գրողների ընկերության անունից»:

Տերյանի պոեզիայի ամենագլխավոր առավելություններից են կերտվածքների լրիվությունը, ավարտվածությունն ու բարեկամությունը։ Անհնար է ցույց տալ Տերյանին բավարարած և նրա ձեռքով տպագրության ներկայացված որևէ բանաստեղծություն, որն ունենա կառուցվածքային թերություններ, որի մեջ որևէ տրամադրություն կամ խոհ արտահայտված չլինի լրիվ, խորը և ավարտուն։ Բազմադարյան մեր լեզուն իր հնչական ողջ հարստությամբ, իր փափկությամբ, քնքշությամբ, նրբությամբ, մելոդիկ ու հարմոնիկ ձայներով, իր ողջ թովչանքով, մեղմ, շոյող գույներով ու երանգներով հանդես եկավ նրա պոեզիայում։ Հայոց լեզվի ուժն ու հմայքը մարմնավորող ամենամեծ պոետներից է Տերյանը, նրա պոեզիան գեղոն է հայ լեզվին։ Արևելահայ նոր շրջանի պոեզիայում կարելի է այլ կարգի առավելություններ նշել ուրիշների մոտ, որ չունի Տերյանը, սակայն նշված գծերով (միասին վերցրած) նա մնաց չերկրորդված ու աննախընթաց։

Տերյանի պոեզիայի արժեքը միայն պատմական չէ, այլ նաև խիստ արդիական: Պոետական բարձր կուլտուրայով գրված նրա հոգեբուխ երգերը մեր գրողներից շատերին են ուղենիշ և օրինակ դարձել։ Տերյանը ներկա է նրանց պոեզիայում։ Ներկա է իբրև խորհրդատու, իբրև ուսուցիչ ու ընկեր։ Ներկա է ոչ առանձին բառերով ու արտահայտություններով, այլ այնպես, ինչպես Չարենցն է բանաձևել չլիներ Տերյանը, ես՝ ես չէի լինի։

Տերյանի պոեզիան արվեստի համալսարան է ժամանակակից հայ բոլոր սերունդների պոետների համար։ Չի կարելի այսօր ստեղծագործել և չմտահոգվել մեր գրականության «գալիք օրվա» խնդիրներով՝ Տերյանին հուզող կարևորագույն պրոբլեմով։ Տերյանն այսօր դարձել է ակամա գրական դատավոր, որ զսպում է ոտանավորչիների եռանդը և առավել բարեխղճության է մղում մեծերին։ Տերյանից հետո չի կարելի թափթփված կառուցվածքով ու ցածր տեխնիկայով բանաստեղծություն գրել։ Չի կարելի մթամած պատկերներով ու խճողված չափատողերով երգել մարդու ներաշխարհը, չի կարելի չօգտագործել մեր լեզվի հնչական բոլոր հնարավորությունները, նրա հուռթի հարստությունը։

Մեծ ու անգնահատելի է Տերյանի դերը նաև մեր ժամանակակցի գեղագիտական դաստիարակության գործում։ Եթե դուք ուզում եք վայելք ստանալ արվեստից,— ասել է Մարքսը,— ապա պետք է լինեք գեղարվեստորեն զարգացած