Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...
Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք...
Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։
Դու չե՛ս, դու չե՛ս,— հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում...
Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սե՛ր, և վի՛շտ, և հեքիա՛թ...