Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/172

Այս էջը հաստատված է

20

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ...
Դեռ չըչորացած բուլ՛վարի վրա
Ճչում են զվարթ մանուկներն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա,
Եվ հայացքները նետ են իրար դեմ...
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հընամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ Է հիմա...
Ժըպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի...
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում,
Մի քաղցր հուզում, արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված հոգսըդ չես հիշում...

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ և երա՛զ և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյանք անուշ և ա՛նհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք և մահ — փա՜ռք և օրհնությո ւն...

[1912]