Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և քաղցր և տխուր,
Երազով դյութական ու հստակ...
Աշխարհում այս աղոտ ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երազին...
Մեկնեցի վիճակս անժպիտ
Օրերիդ օրորի՜ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին...
Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն...