Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Հեքիաթ էր և հմայք և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ Ժըպիտով իմ հոգուն...
Սիրո խոսք և համբույր և խոստում...
— Արբեցեք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում:
Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել..,
Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
էլ չըկան պատրանքները սիրուն։
Եվ թախիծ, և տրտունջ և տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.—
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...