Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Հեքիաթ էր և հմայք և անծիր Խնդություն մշուշում վարդագույն, Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր Արևոտ ժպիտով իմ հոգուն…
Սիրո խոսք և համբույր և խոստում… -Արբեցեք այս անուշ համերգում,- Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում, Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում:
Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կար հեռու մի երկիր թովչական, Արև էր ոսկեղեն աշխարհում. Շողացին, ժպտացին - էլ չկան, Էլ չկան պատրանքները սիրուն:
Եվ թախիծ, և տրտունջ, և տանջանք, -Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.- Խավարի՛ր, խաբուսիկ անրջանք, Հեռավոր օրերի հիացում…
Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կար մի երգ հեռավոր աշխարհում,- Դու այն երգն ես կրկնում հեռավոր- «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրում», Եվ հին են քո խոսքերը բոլոր…
Եվ այն վալսը - «Անդարձ ժամանակ», Ծառուղին ամայի պուրակում, Եվ գիշեր, և համբույր, և լուսնյակ… Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…
Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Պարում են խոլագար խնջույքում, -Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,- Ոչ վերջ կա, ոչ սկիզբ այս երգում,- Երեկ ես, այսօր դու, վաղը նա….
Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել...