Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/206

Այս էջը հաստատված է

50

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խավար է, այնտեղ դաժան ու լռին։
Սակայն՝ շուտով կատարներից հեռանիստ՝
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջույն ձեզ մութ ուղիներում երկրային,
Իմ եղբայրներ, հեռուներում և բանտում...

[1912]