Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/231

Այս էջը հաստատված է

17

* * *

Միշտ նույն հուշն է, հուշը նույն
Չքնա՜ղ, գերող և չըկա
Նրա թույնից անուշ թույն.

Տարիներից հեռակա,
Որպես բոցե մի դաշույն
Պարզվում, կիզում ինձ ագահ.

Կեղեքում է և գգվում
Խինդով քաղցրր մահու պես,
Եվ տխրությամբ մորմոքուն.

Ա՜խ, դեռ քանի գիշեր ես,
Քանի գիշեր-դար անքուն
Պիտի արբեմ սրտակեզ

Խենթացնող այս խնջույքում...