Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ...
Մեր գյուղն է —սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ...
Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։
Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է —բարի մի մայր...
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան...