Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/262

Այս էջը հաստատված է

4

ՔԱՂԱՔ

(«Քաղաքի երգեր»-ի ցիկլից)

Ցոլակին

Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն,
Դու երկարում ես արձակ դաշտերում.
Քո պաղ շենքերի մութ նկուղներում
Դու, կո՛ւյր, պահում ես մի ահեղ ցիկլոն։

Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ,
Դու դաժանորեն նայում ես հեռուն.
Քո պալատների ներքնահարկերում
Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։

Եվ այնտե՛ղ, այնտե՜ղ քո դղյակներում,
Ուր օրգիաների կոշմարն է խոսում,
Քn խնջույքների լպիրշ քաոսում
Ալ֊ուրվականն իր դաշույնն է սրում։


[1908]