Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/285

Այս էջը հաստատված է

26

***

Երկու դժբախտ մանուկ,
Երկու երկչոտ ուրու.
Նետված ենք մենք անօգ
Երկրում հեռու, հեռու.
Մութ հողմերին ավար՝
Երկու տերև մոլոր,
Անտառներում խավար,
Ուղիներում ոլոր.
Սիրտը մեր որբ՝ ահից.
Ո՞վ մեր հոգին խոցված
Պիտի փրկե մահից,
Երբ չըկա աստված...

[1917]