Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/303

Այս էջը հաստատված է

«Նորք»-ը»: Ինչո՞ւ այդտեղ տպագրված «Պաոլոյին» (Դու գիտես, որ բոլորն ապարդյուն) և «Շղթայված է իմ հոգին գերի խանդոտ հուշերիս» բանաստեղծությունները գրվել են «Ոսկե շղթա»-ում և ոչ «Վերջին դաշնակ»-ում։ Ընդ որում ինքը Տերյանը (տպագրության պատրաստվող իր բանաստեղծությունների 2-րդ հատորում) «Վերջին դաշնակ» շարքում դրած «Դարձար դու և սիրտըս տխուր է» բանաստեղծությունը գրել է «Ոսկե շղթայում։

Այս փաստերը շատ կարևոր են, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է պոետի բանաստեղծությունների 2-րդ հատորի նյութերը և հաճախ սիրով վկայակոչել ու մեծ հմտությամբ օգտագործել է դրանք:

Չորրորդ. Հիմնավորված չէ այն պնդումը, թե «Վերջին դաշնակ» շարքում առաջին անգամ տպագրվող չորս բանաստեղծությունները (այդ շարքի N° 3, 4, 6, 7) «գրված են եղել պոետի կյանքի վերջին ամիսների ընթացքում: Դրանցից 3-րդը («Եղիր ինձ քույր... Թող որ հոգիս») սիրային բանաստեղծություն է և ոչ մի բանից չի երևում, թե գրվել է պոետի կյանքի «վերջին ամիսներին»։ 4-րդը («Դարձար դու և սիրտըս տխուր է») նույնպես սիրային բանաստեղծություն է, առանց գրության թվականը ակնարկող որևէ փաստի, նույնիսկ ընդհակառակը՝ Տերյանը, ինչպես ասացինք, դա մտցրել է իր բանաստեղծությունների 2-րդ հատորի «Ոսկե շղթա» շարքը, իսկ 2-րդ հատորի նախապատրաստությամբ նա զբաղվել է ոչ թե կյանքի «վերջին ամիսներին», այլ տարիներ առաջ:

Ինչ վերաբերում է 6-րդ և 7-րդ բանաստեղծություններին («Հովիվներն այնտեղ կրակ են արել», «Հովիվներն ազատ հեռու սարերում»), ապա նրանք ևս ոչ մի հիմք չեն տալիս «վերջին ամիսների ընթացքում» գրված համարելու։ Թյուրիմացությունը ստեղծվել է բանաստեղծի ընկերոջ և նրա ստեղծագործությանը լավատեղյակ մասնագետի կողմից, այն կասկածի տակ չի առնվել, գնալով խորացվել է, ավելին՝ այդ հիման վրա գնահատականներ են տվել Տերյանի պոեզիային:

Նկատի ունենալով «Վերջին դաշնակ» բառերը և մի քանի բանաստեղծությունների ծանոթագրությունները, «շարք»-ի գործերը համարվել են խիստ կենսագրական, նրանց մեջ տեսել են «մահվան երգեր», «մեռնող մարդու մռայլ խոհեր», «հիվանդագին վիճակի արտահայտություն», «մահվան բանաստեղծություններ»։

Դրանք նաև համարվել են ոչ բնորոշ «Տերյանի արվեստի և գրականության համար» («Արեգ», 1923, N°1)։

Տերյանի երկերի ուրիշ ուսումնասիրողներ ևս (տե՛ս, օրինակ, «Երկեր»-ի 1956 թ. հրատարակություն, էջ 714-715) հանգել են «Վերջին դաշնակ» շարք ստեղծելու աննպատակահարմարության մտքին։

Անցնենք «Ձոների գրքի» հարցին։ Մակինցյանը վկայում է, թե «Վահան Տերյանը մտադիր էր... այլ և այլ անձանց նվիրված ոտանավորներից մի առանձին գրքույկ կամ բաժին կազմել — «Ձոների գիրք» վերնագրով» («Երկերի ժողովածու», 4-րդ հատոր, էջ 354)։

Այդ «Գիրքը» բաժի՞ն պետք է լիներ, թե՞ շարք, դժվար է ասել, մանավանդ, որ Տերյանի բազմաթիվ թղթերում ու ժամանակակիցների հուշերում ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Ամենայն հավանականությամբ դա ի միջի այլոց հայտնված վաղանցիկ ցանկություն է եղել, որից նա շուտով հրաժարվել է։